ՏԵՍԻԼ 6
ՆՈՒՅՆՔ և ՆԻԳԱՐ
ՏԻՐԱՆ. Գալո, կատակ մի արա։
ԳԱԼՈ. (Թեթև ցնցվում է՝ Նիգարին տեսնելով): Ի՞նչ արած, մեկի ողբերգությունը մյուսի համար կատակ է։ Թող այդպես չինի։ (Ուզում է գնալ):
ՏԻՐԱՆ. (Կանգնում է Գալոյի առաջ): Ես քեզ չեմ թողնի գնաս, մինչև որ չբացատրես քո հեռանալու պատճառը։
ՍԱԹԵՆԻԿ. Ասա, որդի։
ՀՐԱԶԴԱՆ. Ասա, Գալո։
ԳԱԼՈ. (Մի քանի վայրկյան տատանվելուց հետո): Լավ, կասեմ։ Ձեր մեջ կար միայն մեկը, որի աչքում ես մարդկային արարած էի։ Մնացյալ բոլորիդ համար ես ուրիշ ոչինչ էի, եթե ոչ մի զազրելի խոց ձեր գերդաստանի վրա, որին վաղուց հարկավոր էր դանակով կտրել և դեն շպրտել։ Այդ մեկն իմ մայրն էր։
ՍԱԹԵՆԻԿ․ (Տխուր հառաչում է):
ԳԱԼՈ․ Նա սիրում էր ինձ. իսկ ես պաշտում էի նրան օրորոցից ի վեր։ Այդ որդիական պաշտամունքն իմ հոգու մի կեսը ըմբոստացրել էր մյուսի դեմ այն օրից, երբ ես զգացի իմ ով լինելը։ Հայ արյունը իմ երակների մեջ պղտորվել էր քուրդ արյունից, և դրանից առաջացել էր իմ մեջ հոգեկան այնպիսի տանջանք, որի մասին ձեզնից և ոչ մեկը կարող է գաղափար ունենալ։ Եղել ժամեր, որ ես կամեցել եմ ինքնասպանությամբ վերջ տալ այդ տանջանքին։ Ո՞վ գիտե, գուցե մի օր այդպես էլ անեի, եթե չլիներ դարձյալ իմ մայրը։
ՏԻՐԱՆ. (Խորհրդավոր): Միայն մա՞յրդ, Գալո, միայն նա՞։
ԳԱԼՈ․ Ոչ, և մի ուրիշը, եթե ուզում ես, որ բոլորն ասեմ, բայց գլխավորապես իմ մայրը սկզբից ևեթ. ինչևէ, ես ինքնասպանություն չգործեցի և կրում էի իմ տանջանքները լուռ, անտրտունջ, երբեմն միայն իմ սրտի դառնությունը հայտնելով իմ հարազատ ծնողին։ Ես պատրաստ էի մինչև մահ կրել այդ տանջանքները, բայց չար