Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ և ՄԻՀՐԴԱՏ. առանց ՄԻԼՈՎԻԴՈՎԻ

ՄԻՀՐԴԱՏ. (Մտնելով խորքի աջակողմյան դռնով): Ինչո՞ւ համար այդպես շփոթված եք։

ՀՐԱԶԴԱՆ. Միհրդատ, մեր զորաբանակին հրամայված է այս կողմերը ժամանակավորապես թողնել։ Հարկավ, իմ խմբերն էլ ստիպված են հետևել նրան։ Կասկած չկա, որ մեր հեռանալուց հետո քուրդերն իջնելու են լեռներից։ Հայտնիր հայ ազգաբնակությանը, որ մենք այս երեկո նահանջում ենք։ Ես իմ խմբով գաղթականների կարավանը կուղեկցեմ մի ապահով վայր՝ կոտորածից ազատելու համար։

ՄԻՀՐԴԱՏ. (Մռայլ): Թշվառ ժողովուրդ, երրորդ անգամն է՝ քո հույսերը խորտակվում են։ (Ուշքը ժողովելով, եռանդուն): Դանիել, գնա հրապարակ և լուր տուր ամենքին ես էլ իսկույն կգամ։

ԴԱՆԻԵԼ. (Շտապով գնում է խորքի ձախակողմյան դռնով:

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ, առանց ԴԱՆԻԵԼԻ

ՀՐԱԶԴԱՆ. Իսկ դուք շտապեցեք պատրաստվել: Ոչինչ հարկավոր չէ վերցնել, բացի ուտելիքից և տաք հագուստից:

ՄԻՀՐԴԱՏ. Ո՞Ւր ես տանում դրանց։

ՀՐԱԶԴԱՆ. Կովկաս։

ՍԱԹԵՆԻԿ. Գաղթե՞լ։ Թողնել այս շեն տունը, ձգել ամեն ինչ քուրդերին, օհ, սոսկալի է, սոսկալի։

ՄԻՀՐԴԱՏ. Ես այդ չեմ կարող անել։ Ով կամենում է, թող գնա. ես մնում եմ։

ՀՐԱԶԴԱՆ. Քեզ կմորթեն ոչխարի պես։

ՄԻՀՐԴԱՏ. Գերադասում եմ մորթվել իմ հայրենիքում, քան գաղթել։

ՏԻՐԱՆ. (Վրդովված): Հայր, դարձյալ համառություն։

ՄԻՀՐԴԱՏ. Ես մնում եմ։