Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱԶԱՆԻ. Այդ ի՞նչ ժողով է։ Միքայել, բա...


ՄԻՔԱՅԵԼ. Բարեսիրական ընկերության ժողովը:

ՆԱԶԱՆԻ. Դու ի՞նչ գործ ունես Բարեսիրական ընկերության ժողովում։

ՄԻՔԱՅԵԼ. (Հեգնորեն և ինքնագոհ ժպիտով)։ Հե՜ե՜, մինչև հիմա չունեի գործ, բայց օրես դենը ունենալու եմ։

ՆԱԶԱՆԻ. Ոչինչ չեմ հասկանում։

ՄԻՔԱՅԵԼ. Դե լսի՛ր ասեմ։ Քաղաքում ձայն է ընկել, որ ես ուզում եմ ազգի գործերով զբաղվել։ Ամենքն ուրախացել են։ Երեկ ինձ մոտ եկավ Բարեսիրական ընկերության խորհրդի նախագահն ու ազգի կողմից խնդրեց, աղաչեց, պաղատեց, որ ես կիրակի օրը ընկերության ընդհանուր ժողովի նախագահը լինեմ, այսինքն լոխից մեծը։

ՆԱԶԱՆԻ. Դու համաձայնվեցի՞ր։

ՄԻՔԱՅԵԼ. Չէի ուզում։ Բայց այնքան զոռեց, որ համաձայնվեցի։

ՆԱԶԱՆԻ. Ուրեմն կիրակի օրը դու ճա՞ռ ես ասելու։

ՄԻՔԱՅԵԼ. Այո։

ՆԱԶԱՆԻ. Դո՞ւ։

ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս, ես ինքս տեղովս մին։

ՆԱԶԱՆԻ. Լավ, այդ ի՞նչ է պատահել, որ հանկարծ սկսել ես ազգի գործերով զբաղվել։

ՄԻՔԱՅԵԼ. Ես ազգս միշտ սիրել եմ մտքումս, բայց որ նրա գործերով չեմ զբաղվել, որովհետև ժամանակ չեմ ունեցել։ Հիմա ժամանակ ունեմ։ Հանքերս ու գործարաններս ծախել եմ, տներս շինել վերջացրել, էլ գործ չունեմ։ Մինչև այսօր ձեզ համար եմ աշխատել, ուզում եմ օրես դեն էլ ազգիս համար աշխատել։

ՆԱԶԱՆԻ. Լավ, եթե կարող ես մի բան անել ազգիդ համար, արա՛, ես դեմ չեմ։

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, ինչո՞ւ չեմ կարող անել։ Ինչո՞վ եմ պակաս ուրիշներից։ Երեսուն տարի սրանից առաջ փափախով ու չմուշկներով եկել եմ այս քաղաքը՝ անտեր, անպաշտպան։ Իմ խելքով ու շնորհքով միլիոններ եմ աշխատել, ամարաթներ եմ շինել, հանքեր, գործարաններ,