Վարագույրը բարձրանալիս գրասեղանի քով նստած գրոտում է: Երբեմն, դադարելով գրել, ձեռը սեղմում է ճակատին ու մտածում):
ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով: Բարձրահասակ, գեղեցկադեմ, առողջ կին է, կարմրախայտ այտերով, իր տարիքի համեմատ, տակավին թարմ: Հագուստը կատարյալ եվրոպական է, բայց թասակրավ է կրում գլխին: Աշխույժ քայլերով մոտենում է գրասեղանին): Մուքել։
ՄԻՔԱՅԵԼ. (Հափշտակված գրությամբ, չի լսում Նազանու ձայնը):
ՆԱԶԱՆԻ. (Մի քանի վայրկյան զարմացած նայում է Միքայելին, ապա կամացուկ նստում է գրասեղանի քով): Մուքել։
ՄԻՔԱՅԵԼ. (Դարձյալ չի լսում: Գրածը կարդում է)։ «Հայ ազգը որ կա, մի թամբալ լծկան եզ է, մինչև որ մի լավ չի ճիպոտես, գութանը չի քշիլ»։ Հա՛, այս մեկը լավ է։ Մի քիչ գեղավարի է, բայց ազդու է։ Հետո՞։ (Ձեռը սեղմում է ճակատին ու մտածում):
ՆԱԶԱՆԻ. (Անհամբեր): Մուքե՜լ։ (Ավելի բարձր): Մուքե՜լ։
ՄԻՔԱՅԵԼ. (Սթափվում է): Հը, դու ե՞ս, Նազանի։
ՆԱԶԱՆԻ. Մարդ աստծո, խուլացել ես, ի՜նչ է։ Մի ժամ է Մուքե՛լ, Մ ուքե՛լ եմ կանչում, չես լսում։
ՄԻՔԱՅԵԼ. Առաջինը ես Մուքել չեմ, այլ Միքայել Պավլովիչ։ Այն քո ասած Մուքելը գնա՜ց, չկա։ Երկրորդը, Նազանի, տեսնում ես, որ գործ ունիմ, ի՜նչ ես ուզում։
ՆԱԶԱՆԻ. Առաջինը, ես էլ Նազանի չեմ, այլ Նազաննա Բողդանովնա։ Այն քո ասած Նազանին գնա՜ց, չկա։ Երկրորդը, ասա տեսնեմ, այդ ի՞նչ գործ Է, որ ուշ ու միտդ տարել է։
ՄԻՔԱՅԵԼ. (Խորհրդավոր): Մի գործ է, որ ասել չի լինի։ Հետո կիմանաս։
ՆԱԶԱՆԻ. էլի:
ՄԻՔԱՅԵԼ. Սո՜ւս, ուրիշի չասես, ճառ եմ գրում։
ՆԱԶԱՆԻ. Ճա՜ռ։ Ո՞ւմ համար, ինչո՛ւ համար։
ՄԻՔԱՅԵԼ. Կիրակի օրվա Ժողովի համար։