ՀՄԱՅԻԼ․ Այս է, պապա, հավանո՞ւմ ես։
ՄԻՔԱՅԵԼ․ (Փռթկալով ծիծաղում է):
ՀՄԱՅԻԼ․ Ամենավերջին մոդան է։ Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի հագել։ Ես առաջինն եմ։ Հիանալի է կարել մադամ Դյուշարը, հիանալի, իսկ և իսկ իմ ճաշակով։ (Պտտում է հայելու առջև):
ՄԻՔԱՅԵԼ. (Ծիծաղելով): Վա՜յ, մեռա ծիծաղից, աստված վկա, մեռա։ Աղչի, դա հագուստ չի, մասխարա է։
ՀՄԱՅԻԼ․ (Վշտանալով): Պապա՜։
ՄԻՔԱՅԵԼ․ Թող եղբայրդ ասե։ Կասես տոպրակի մեջ խոզաճուտ ես։
ՀՄԱՅԻԼ․ (Վիրավորվելով): Պապա, դու ինձ վիրավորում ես։
ՄԻՔԱՅԵԼ․ Ես ի՞նչ մեղավոր եմ։ Մտիկ արա, Մատվե՛յ, սաները պիտի֊պիտի է անում մկան պես։
ՀՄԱՅԻԼ. (Մատթեոսին): Ինչո՞ւ չես պաշտպանում ինձ։
ՄԱՏԹԵՈՍ. Պապա՛, Պարիզի վերջի մոդան է այդ։
ՄԻՔԱՅԵԼ. Ես այդ մոդայի համար երկու հարյուր ռուբլի չէ, երկու կոպեկ էլ չեմ տա։
ՀՄԱՅԻԼ. Չե՜ս տա։
ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ։
ՀՄԱՅԵԼ. Ո՜չ։
ՄԻՔԱՅԵԼ. Ասել եմ Ոչ ու ո՛չ։
ՀՄԱՅԻԼ. Պապա՛, խնդրում եմ ինձ չխայտառակես, դերձակուհին այնտեղ սպասում է։
ՄԻՔԱՅԵԼ. Որ մինչև Քրիստոսի երկրորդ գալն էլ սպասես կոպեկ չեմ տալու։
ՀՄԱՅԻԼ. (Իբր թե ուշաթափվում է): Ա՜յ, վա՜յ։ Սիրաս կոկորդս։ Ջո՜ւր։ (Նստում է բազկաթոռներից մեկի վրա)։
ՄԱՏԹԵՈՍ. (Մոտենում է Հմայիլին)։ Ին՞չ պատահեց, Ամալյա։
ՀՄԱՅԻԼ. (Մեկուսի Մատթեոսին): Պաշտպանիր ինձ։ (Բարձր) Խայտառակվեցի, խեղդվեցի, մեռա, ջո՜ւր, քացախ, վալերիան։
ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Հմայիլին): Թուլացիր, թուլացիր։ (Բարձր): Լա՛վ, հանգստացիր, Ամալյա, պապան փողը կտա։