ՀՄԱՅԻԼ. Ո՛չ, ո՛չ չեմ հանգստանա, քացա՜խ, ջո՜ւր, վալերիա՜ն: Ջո՜ւր, ջո՜ւր։
ՄԻՔԱՅԵԼ. Լավ, առաջ ուշքի եկ, հետո ջուր կտանք։
ՀՄԱՅԻԼ. Չէ, չէ. առաջ ջուր տվեք, հետո։ Սիրտս դուրս է թռչում։ Ա՜յ, վա՜յ, վալերիան, քացախ, սպիրտ, օդըկոլոն:
ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Տեսնո՞ւմ եք այդ ղարաչուն։ Ճար չկա, պիտի տալ։ (Գրասեղանի արկղիկը բաց է անում):
ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Հմայիլին)։ Շարունակիր, շարունակիր։
ՀՄԱՅԻԼ. Ահ, վահ, ո՜ւշքս, խե՜լքս, սի՜րտս, կո՜ւրծքս․ ոտնե՜րս, ձեռնե՜րս։ Վալերիան, թող անե, թող անե, վնաս չունի։ Նա ուզում է իր փողերն ազգին տալ, մեզ քաղցած թողնել։ Ես ամենքին կասեմ, իմ բոլոր ընկերուհիներին։ Նրանք էլ կասեն իրենց հայրերին։ Լա՛վ, շատ լա՛վ, թող գրի իր ճառը, իսկ մեզ խեղդե, սպանե, ա՜ջ, վա՜յ, ջո՜ւր, քացա՜խ, վալերիա՜ն։
ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, հերիք է, այ քո վալերիանն էլ ու քացախըն էլ։ (Երկու հատ հարյուրանոց է շպրտում Հմայիլի գիրկը)։
ՄԱՏԹԵՈՍ. (Վերցնում է թղթադրամները ու մոտեցնում է Հմայիլի բերնին): Ահա ջուր, խմիր։
ՀՄԱՅԻԼ. (Հառաչելով): Ա՜հ, վերջապես, ուշքս տեղը եկավ։ (թղթադրամները թաքցնում է կրծքի վրա):
ՄԻՔԱՅԵԼ. Հո քերթեցի՞ք․ հո կաշիս պլոկեցի՞ք, դե թողեք, որ շունչ առնեմ։ Կորե՛ք, կորե՛ք, անիծվածնե՛ր։ (Նստում է գործը շարունակելու):
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ, ՆԱԶԱՆԻ, և ՄԱՐԻԱՄ
ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով: Չիքիլան վերցրել է, գլխարկ է դրել, որովհետև մազերը կանոնավոր չի սարել, ուստի գլխարկը տգեղ է նստում գլխին): Ա՛յ, տես, Միխայել Պավլովիչ, տասնուհինգ տարով երիտասարդացել եմ։
ՄԱՐԻԱՄ․ (Գալիս է Նազանու հետևից: Հակառակ Հմայիլի,