ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ահա՜ թե ինչ։ Եվ դու քեզ համարում ես լուսավորված մա՞րդ։ Սամսոն, մեր երջանկությունը անկախ հիմքի վրա պիտի դրվի, եթե ուզում ենք վայելել փոխադարձ երջանկություն։ Ես կհարգեմ քո մորը բյուր անգամ ավելի, ես սուրբի պես կպաշտեմ նրան, եթե նա հեռու լինի մեզանից, գոնե այնքան հեռու, որ չխառնվի քո և իմ զգացումների մեջ։ Ես ավագ քրոջս հես կպատվեմ քո քրոջը, եթե նա ինձ հանգիստ թողնի։ Մի փոքր առաջ, նա տիկին Սիրանույշի ներկայությամբ, հինգ անգամ ինձ վիրավորեց կոպիտ ակնարկներով։ Ես հազիվ կարողացա ինձ զսպել։
ՄԵԼԱՆԻՍ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով, երկու գավաթ սուրճ ձեռքին և բեմով անցնում է ու գնում աջ կողմի աոաջին դռներով):
ՍԱՄՍՈՆ. (Մտածել է Արմենուհու խոսքերի միջոցին): Գուցե դու էլ ունիս իրավունք։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ոգևորված):Ա՜խ, այդ իրավունքը տալիս է ինձ իմ սրտի պահանջը, իմ զգացումների անկախությունը, վերջապես, իմ սերը դեպի քեզ։ Բաժանվե՛նք մեր մերձավորներից՝ նրանց ավելի հարգելու համար։
ՍԱՄՍՈՆ. (Վճռական): Շա՛տ բարի, ես համաձայն եմ, թո՛ղ քո ասածը լինի։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ուրախացած): Ա՛հ, վերջապես։ Եթե չեմ սխալվում, այդ առաջին զիջումն է, որ անում ես ինձ։ Շնորհակալ եմ։
ՍԱՄՍՈՆ. Բայց ոչ իհարկե այժմ։ Սպասենք ամառը վերջանա։ Քաղաք վերադառնալով, մայրս կերթա Վիրգինեի տանն ապրելու, իսկ մենք կապրենք առանձին։ Գո՛հ ես այժմ ինձանից։ (Գրկում է Արմենունուն):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Խանդավառությամբ գրկելով Սամսոնին): Գոհ եմ, անչափ գոհ, որովհետև այդ զոհաբերությունը ցույց է տալիս, որ դու ինձ քիչ թե շատ սիրում ես։
ՍԱՄՍՈՆ. «Քիչ թե շա՞տ». թեթևամի՜տ, մի՞թե կասկածում ես իմ սիրո մասին: (Փաղաքշում է):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Օ՜հ, չեմ ուզում կասկածել, երբե՛ք։ (Նորից գրկելով