Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՎՈՐԳ. Մի՞թե։

ԳՐԻԳՈՐ. Այո, այո։

ՄԱՐԻԱՄ. Կարծեմ, դու գործը փքում ես։ Ճառ է, էլի, ի՞նչ կա, թող ասե։

ՄԱՏԹԵՈՍ. Ես էլ կարծում եմ։

ԳՐԻԳՈՐ. Ոչ, մի՛ ասեք։ Դուք չգիտեք այդ ճառը ձեր գլխին ինչ փորձանքներ կարող է բերել, չգիտեք։ Այդ միևնույն է, ինչ որ ես օրինակի համար, ի՞նչ ասեմ։ Այո միևնույն է, որ ես վզովս մի սապոնած թոկ գցեմ, բարձրանամ այդ աթոռի վրա, հետո թոկի մի ծայրը կապեմ այ այն կեռին, որ տեսնում եք առաստաղի վրա և հետո ոտքովս թըրըխկ, աթոռը դեն գցեմ։ Չէ՞ որ ես կարող եմ քաշ ընկնել ու խեղդվել։

ՀՄԱՅԻԼ. Այո, իհարկե։

ԳԵՎՈՐԳ. Ճշմարիտ է, կարող ես խեղդվել։

ՄԱՏԹԵՈՍ. Եվ լեզուդ էլ կարող է այս չափ դուրս ընկնել, ա՛յ։

ՄԱՐԻԱՄ. Իհարկե, իհարկե։

ԳՐԻԳՈՐ. Դե, որ այդպես է, իմացեք, որ հայրիկի ճառը ձեր ժառանգության համար միևնույնն է, ինչպես սապնած թոկն ինձ համար։ Ուրեմն, նախ և առաջ պետք է ոչընչացնել այդ ճառը։ Թե ինչպե՞ս, մտածենք այդ մասին։ Մայրիկ, առաջին խոսքը քեզ է պատկանում այս ընտանեկան խորհրդում։ Բարեհաճիր արտահայտել քո հեղինակավոր կարծիքը։

ՆԱԶԱՆԻ. Ես ոչինչ չեմ կարող ասել։ Հայրդ այնպիսի մարդ է, որ եթե ամբողջ աշխարհն էլ ոտքի կանգնե, իր ասածն անելու է։

ՄԱՏԹԵՈՍ. Այդ ճիշտ է։

ԳՐԻԳՈՐ. Ուրեմն դու կարծիք չունիս։ Շատ լավ։ (Մատթեոսին): Խոսքը քեզ է պատկանում, անդրանիկ ժառանգ Մելիք֊Բուռնությանց իշխանական գերդաստանի։

ՄԱՏԹԵՈՍ․ Ես էլ ոչինչ հնարել չեմ կարող։

ԳՐԻԳՈՐ. Հասկանալի է։ Գուցե դու մեզ օգնես, օրիորդ Հմայիլ, ներողություն, Ամալյա։

ՀՄԱՅԻԼ․ Ես մտածում եմ։