ՏԵՍԻԼ 9
ՆՈԻՅՆՔ առանց ՄԻՔԱՅԵԼԻ
ԳՐԻԳՈՐ. Նա նեղացավ ինձանից, հիմա դուք լսեցեք ինձ: Մեր ժառանգությանը մեծ վտանգ է սպառնում։
ՆԱԶԱՆԻ. Ի՞նչպես, ի՞նչպես։
ՀՄԱՅԵԼ. Ի՞նչ վտանգ է սպառնում։
ԳՐԻԳՈՐ. Ազգասերները հայրիկին շոյելով ու շողոքորթելով խառնել են ազգային գործերին։ Նրանք աշխատում են նրան խելքից դուրս բերել և համոզել, որ նա իր միլիոնները կտակի ազգին։ Լսեցի՞ք։
ԱՄԵՆՔԸ. (Վրդովվում են): Աա՜, ահա թե ինչ։
ԳՐԻԳՈՐ. Այո, կարող է պատահել, որ մենք զրկվենք ժառանգությունից։ Եթե ինձ հարցնեք ավելի լավ է հայրիկն իր միլիւոնները տա ազգին, քան թողնե ինձ նման մի քամի կուլ տվողի կամ այդ զուռնաչուն (ցույց է տալիս Մատթեոսին), կամ այդ պիմպեռլեին (ցույց է տալիս Գևորգին), կամ թեկուզ փքված հնդկահավին (ցույց է տայիս Հմայիլին), կամ այդ երևելի ջութակահարին (ցույց է տայիս Մարիամին), որ ականջներս խլացրել է իր ծվծվոցով։
ԱՄԵՆՔԸ. (Վրդովման նշաններ են անում):
ԳՐԻԳՈՐ. (Շարունակում է): Ինչո՞ւ։ Որովհետև միլիոններ ժառանգելու համար էլ խելք է հարկավոր։ Այնինչ, եթե մեր ողջի խելքերը հավաքես միասին՝ հազիվ կարողանան մի հավաբուն կառավարեր: Այո, եթե ինձ հարցներ, իսկի դեմ չեմ լինի, որ հայրիկի միլիոնները գլորվեն հայ ազգի կոկորդը։ Բայց ես հոգում եմ ձեր մասին, և ահա ասում եմ. մի գեղեցիկ օր դուք կարող եք մնալ չոր տափի վրա։ Եթե կարող եք ձեր գլխի ճարը գտեք։
ՆԱԶԱՆԻ. Ի՞նչ պիտի անենք, ասա՛։
ՀՄԱՅԻԼ. Այո, ի՞նչ պիտի անել։
ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ պիտի անել։ Նախ և առաջ հարկավոր է խանգարել հայրիկին կիրակի օրը այդ ժողովին նախագահելու, մանավանդ ճառ ասելու։ Որովհետև հենց որ նա ճառն ասե, իմացեք, որ ձեր միլիոնները կորած են։