Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկար մտ՞ածելու վերցրի ու մի հատ տասը ռուբլիանոց դրի սեղանի վրա։ Ի՜նչպես մերժեի։

ԳՐԻԳՈՐ. Մի՞թե։ Ես այդ չգիտեի։ Կեցցե՛ս, մայրի՛կ, առատաձեռնությունն արժանի է հայրիկի շռայլությանը։ ՀՄԱՅԵԼ. Իսկ ե՛ս մերժեցի հայ օրիորդների ընկերության անդամ դրվել։

ՄԱՐԻԱՄ. Ե՛ս էլ։

ՄԱՏԹԵՈՍ. Ինձ էլ շատ են դիմում, բայց ես միշտ մերժում եմ։ Եվ որպեսզի այսուհետև բոլորովին չդիմեն, վճռել եմ հայությունից հրաժարվել։

ՀՄԱՅԻԼ. Ես էլ եմ հրաժարվելու։

ՄԱՐԻԱՄ. Իսկապես պետք է հրաժարվել։

ԳԵՎՈՐԳ․ Իհարկե։ Ի՞նչ է հայությունը։ Ֆի՜։

ԳՐԻԳՈՐ. Ահա թե ինչ։ Այդ ինձ համար նորություն է։ Հետաքրքրական է իմանալ, հայությունից հրաժարվելով ի՞նչ ազգի կկամենայիք պատկանել։ Ասենք այդ բաղլինջը (ցույց տալով Գևորգին) անգլիացի է ուզում դառնալ։ Իսկ դո՞ւք։

ՀՄԱՅԻԼ. Ես էլ կդառնամ անգլուհի։

ՄԱՐԻԱՄ․ Ես կկամենայի ֆրանսուհի դառնալ։

ԳՐԻԳՈՐ. (Մատթեոսին): Դու էլ իհարկե իտալացի ես արդեն։ Մնում է, մայրի՛կ, դու էլ դառնաս շոտլանդուհի։ Պրծավ գնաց։ Ամբողջ Եվրոպան եկավ նստեց բուռնութի ծախողանց Մուքելի տունը։ (Լուրջ) Հերիք է, խեղկատակներ։ Մին կանգ առեք հայելու առջև ու նայեցեք ձեր կերպարանքին ու հետո հրաժարվեցեք ձեր ազգությունից։ Մտիկ արեք ձեր քթերին, ձեր կարճ վզերին, տափակ ծոծրակին, կարճլիկ ոտներին, երկայն մեջքերին։ Հայ եք ու հայ էլ կմեռնեք՝ թեկուզ ձեր թուխ կաշիները մաշկեք ու անգլիացու կաշի հագնեք։ Դե, բավական է, ես այլևս չեմ կարող լսել ձեր ցանցառություները։ Ավելի լավ է գնալ ու հայրիկի ճառր լսել։ (Հմայիլին ու Գևորգին ծաղրելով): (Մարիամին): Օ ռը վուառ մադմուազել Մարիամ բաջի։ (Մատթեոսին)։ Արեիդերչի, սինյո՛ր զուռնաչի Մաթոս։

ՎԱՐԱԳՈՒՅՐ