ՄԱՐԻԱՄ, նա մեզ ծաղրում է:
ԳԻՎՈՐԳ. Հարբած է։
ՄԱՏԹԵՈՍ. Այս անգամ նա իսկապես խելքը կորցրել է։
ԳՐԻԳՈՐ. Այո՛, խելքս կորցրել եմ։ Եվ ո՞վ չէր կորցնի, բացի քեզանից, որ կորցնելու ոչինչ չունիս։ Մայրի՛կ, մայրի՛կ աչքովս տեսա, թե ինչպես հայրիկն ինքն իր ձեռքով դուրս բերեց գրպանից, դրեց ահա սեղանի վրա, Մուշեղ Մուշկամբարյանցի առջև հօգուտ հայ ազգի:
ՆԱԶԱՆԻ. Ինչքա՞ն։
ՀՄԱՅԻԼ, Ինչքա՞ն։
ԳՐԻԳՈՐ. Ասե՞մ։
ՆԱԶԱՆԻ. Ասա՛, ասա՛։
ԳՐԻԳՈՐ. (Հանդիսավոր): Երկու...
ՄԱՏԹԵՈՍ. Միլիոն։
ԳՐԻԳՈՐ. Երկու հարյուր։
ՀՄԱՅԻԼ. Երկու հարյուր հազար:
ԳՐԻԳՈՐ. Երկու հարյուր ռուբլի:
ԱՄԵՆՔԸ. (Թեթևության հառաչանք են արձակում):
ՆԱԶԱՆԻ. Այդքա՞նը միայն։
ԳՐԻԳՈՐ Այո, այդքանը։ Մի՞թե քիչ է։ Երկու հատ կատինկա, այն էլ նաղդ։ Ի՜նչ շռայլություն, տեր աստված, ի՜նչ շռայլություն։
ՄԱՏԹԵՈՍ. Իմ կարծիքով այդքանն էլ շատ է։ Մենք պարտավոր չենք ազգը պահելու ու կերակրելու։
ՀՄԱՅԻԼ. Իհարկե։
ԳԵՎՈՐԳ. Ես էլ այդպես եմ կարծում։
ՄԱՐԻԱՄ. Ե՛ս նույնպես։
ՄԱՏԹԵՈՍ. Եթե ես լինեի պապայի տեղը, այդ Մուշկամբարյանցին և առհասարակ ոչ մի ազգասերի իմ տանը չէի թողնիլ։ Ի՜նչ են շարունակ դռնե դուռ ընկած ազգի անունով մուրացկանություն անում։ Կարծես մենք բացի ազգից ուրիշ հոգսեր չունենք։
ՆԱԶԱՆԻ Մի՛ ասա, Մատվե՛յ, Ամեն մարդ պարտավոր է յուր ազգին օգնել։ Անցյալներն էլ ինձ մոտ եկավ որբերին օգնող ընկերության կողմից տիկին Բուլբուլյանցն ու խնդրեց, որ իրենց ընկերությանը մի բան տամ։ Առանց