Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ. Հասկացա, հասկացա։ (Տալով Ժորժին մի հիսուն ֆրանկնոց): Հըը, վեր կալ։ էդ բանի համար տվածը կորած չէ։

ԺՈՐԺ. (Արհամարհանքով): Հիսուն ֆրա՞նկ… ֆի-դո՜ն… դա նույնիսկ մի շիշ շամպայնի արժեքը չէ։

ՊԵՏՐՈՍ. Խե՞, հրեն Փելիքս Պոտենի խանութում շամպանսկու շիշը տասնուհինգ փռանկով են ծախում։

ԺՈՐԺ. Ի՞նչ ես ասում, պապա, ես խանութներո՞ւմ պիտի շամպայնով հյուրասիրեմ ամերիկուհի հարսնացվիս։ Մամա, դու հասկացրու դրան։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, դու քանի գնում այնքան խելքդ կորցնում ես։

ՊԵՏՐՈՍ. (Մի հիսուն ֆրանկնոց ևս տալով): Հըը, էս էլ վերցրու, ես ժլատ մարդ չեմ։

ԺՈՐԺ. (Թղթադրամները գրպանը դնելով): Քիչ է, պապա, շատ քիչ է։

ՄԱԳԹԱՂԵՆԵ. Իհարկե, քիչ է, մինչև անգամ ամոթ է։ Տուր, ա մարդ, մի խնայիր։

ՊԵՏՐՈՍ. Հապա ինչքա՞ն ես ուզում։

ԺՈՐԺ. Գիտե՞ս, պապա, ես կանանց հոգեբանությունը լավ եմ ուսումնասիրել։ Նրանց վրա տղամարդը ուրիշ տպավորություն է գործում, երբ գրպանից հարյուրանոցներ է դուրս բերում։ Հիսունանոցը ողորմելի բան է։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Ժորժը ճիշտ է ասում. ինձ վրա էլ հարյուրանոցներն ավելի խորը տպավորություն են գործում… Իսկ հազարանոցները, օհ, օհ, օհ…

ՊԵՏՐՈՍ. Ամմա մայր ու որդի ետ եկածներն են հաա։ (Տալիս է երկու հատ հարյուրանոցներ): Ըհը, էդ էլ քեզ հարյուրանոցներ, մեկ, երկու։

ԺՈՐԺ. (Հարյուրանոցներն աճապարանոք գրպանը խոթելով): Շնորհակալ եմ, պապա։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես էլ շնորհակալ եմ։

ՊԵՏՐՈՍ. (Ձեռը պարզել է Ժորժին, սպասում է):

ԺՈՐԺ. Ինչ ես ուզում, պապա։

ՊԵՏՐՈՍ. Քանի որ հարյուրանոցներն ստացար, էդ հիսունանոցները ետ տուր։

417

Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. VII—14