ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են):
ԳՐԻՇԱ. (Ֆրանսերեն վատ գիտենալով): Վուի, վուի, գուսման, хорошо, ничего.
ՄԵՏՐ Դ’ՕՏԵԼ. (Ծաղրելով): Karacho, karacho, nitchevo, tout est nitchevo pour ces gens-là[1] :(Հեռանում է գլուխը երերալով):
ՍԵՐՅՈԺԱ. Շարունակեցեք։ (Նստում է):
ԳՐԻՇԱ. Շարունակեք։ (Նստում է):
ԱՌԱՋԻՆ ԱՆԾԱՆՈԹ. (Ֆրանսիացի է, գալիս է աջ կողմի անցքով միջնորմի ետևից, նստում է առանձին սեղանի քով, պատվիրում է մի բաժակ գարեջուր, դուրս է բերում գրպանից օրվա լրագիր և կարդալ ձևացնելով, գաղտուկ դիտում է Սերոժային և Գրիշային):
ՄԻ ԶՈԻՅԳ. (Գալիս է ձախ կողմի դռնով, նստում է հեռավոր անկյունում և սկսում է համբուրվել):
ՍԵՐՅՈԺԱ. (Մի փոքր խաղալուց հետո, հանկարծ զառերը ձգում է նարդախտակի վրա): Էլ չեմ խաղում։
ԳՐԻՇԱ. Ինչո՞ւ։
ՍԵՐՅՈԺԱ. Գրիշա, մենք կորցրել ենք ամեն ինչ, բայց երկու բան պահել ենք և պիտի պահենք, ազնվություն և քաջություն։ Դու երկու քար ավելի թռցրիր։
ԳՐԻՇԱ. Պատիվս վկա, չթռցրի։
ՍԵՐՅՈԺԱ. Ազնվությունս վկա, թռցրիր:
ԳՐԻՇԱ. Սերյոժա, մի՛ մոռանար, որ ես նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի Երևանյան գնդի…
ՍԵՐՅՈԺԱ. Թքել եմ, ինձի Սերգեյ Մեզբուրով կասեն:
ՄԵՏՐ Դ’ՕՏԵԼ. (Շտապով գալիս է միջնորմի ետևից՝ այս անգամ կատաղած): ОH lа la oh lа la c’est insup portable[2]։ (Նարդին փակում է և տանում):
ՍԵՐՅՈԺԱ. Նա մեզ վիրավորեց։
ԳՐԻՇԱ. Գնամ քիթ ու պռունգը ջարդե՞մ:
ՍԵՐՅՈԺԱ. Չորս-հինգ կաֆեներից մեզ սկանդալով դուրս են արել, ուզում ես որ այստե՞ղ էլ մեր վզակոթին տան…