Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

благодарю покорно.

ԳՐԻՇԱ. Հապա ի՞նչ անենք։

ՍԵՐՅՈԺԱ. Կոնծենք ու մոռանանք։

ԳՐԻՇԱ. Կոնծենք ու մոռանանք, հանճարեղ միտք։ Բայց ես փող չունիմ։

ՍԵՐՅՈԺԱ. Ես կվճարեմ։ Գառսո՜ն։

ՍՊԱՍԱՎՈՐ. (Որ տեսարանը դիտել է հեգնական ժպիտով, բերում է երկու շիշ գինի և երկու դատարկ բաժակ, տանելով գարեջրի դատարկ գավաթները):

ԳՐԻՇԱ. Սերյոժա, դու միշտ փող ունես գրպանումդ։ Այդ որտե՞ղից է։

ՍԵՐՅՈԺԱ. (Ինքնագոհ ժպտալով): Դա Պոլիշինելի գաղտնիքն է։ Համենայն դեպս միջոցներ շատ կան։

ԳՐԻՇԱ. Ահ, եթե ես կարողանայի գտնել մի հարուստ ամերիկուհի թեկուզ վաթսուն տարեկան, թեկուզ կաղ ու կուզ։

ՍԵՐՅՈԺԱ. Ես էլ եմ փնտրում այդպիսի ապրանք։


ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ԺՈՐԺ

ԺՈՐԺ. (Գալիս է ձախ կողմի դռնով): Գրիշա, գեներալ Շպուլենկոն քեզ է փնտրում տերրասի վրա։

ԳՐԻՇԱ. Ահ, երկինքն է նրան ուղարկել ինձ համար։ Այսօր նա մի տեղից հազար ֆրանկ է ստացել, գնամ մի քիչ թափ տամ նրան։ (Շտապով դատարկում է մի բաժակ գինի և գնում է ձախ կողմի դռնով):


ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ, առանց ԳՐԻՇԱՅԻ

ԺՈՐԺ. (Աջ ու ձախ նայելով, գրպանից դուրս է բերում մի թղթի կապոց և տալիս է Սերյոժային): Ետ վերցրու ապրանքդ, դժբախտաբար ծախել չկարողացա։

ՍԵՐՅՈԺԱ. (Կապոցը շտապով իր գրպանը դնելով): Կտամ Ստյոպային, նա քեզանից ավելի ճարպիկ է այդպիսի գործերում։ Ի՞նչ նորություն։