Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺՈՐԺ. Նատաշա, իմ գործը շատ բարդ է և իմ խնդիրը շատ տարօրինակ։

ՍԵՐՅՈԺԱ. (Վեր կենալով): Գուցե իմ ներկայությունն ավելորդ է։

ԺՈՐԺ. Ոչ, ո՛չ, նստիր, ես քեզանից գաղտնիք չունեմ։

ՍԵՐՅՈԺԱ. (Նորեն նստում է

ԺՈՐԺ. Նատաշա, այս գիշեր հորս բերելու եմ Կավո-Կոկասիեն։

ՆԱՏԱՇԱ. Մի՞թե։

ԺՈՐԺ. Այո։ Ծանոթացնելով քեզ նրա հետ ասելու եմ, որ դու Նյու-Յորքից եկած ճամփորդուհի ես և այն էլ, ոչ ավելի և ոչ պակաս, հոչակավոր բանկիր Մորգանի քույրը։

ՆԱՏԱՇԱ. Tiens․ Այդ շատ հետաքրքրական է։ (Ծխախոտ է վառում):

ԺՈՐԺ. Դու պիտի լինես իմ հարսնացվի մորաքույրը։

ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ, դու համարձակվել ես նշանվե՞լ. ես քո աչքերը իմ եղունգներով դուրս կգջլեմ։

ԺՈՐԺ. Համբերիր, Նատաշա, ես չեմ նշանվել, այլ այնպես… գիտես, երևակայությամբ…

ՆԱՏԱՇԱ. Ժորժ, ես ոչինչ չեմ հասկանում։

ԺՈՐԺ. Լսիր և կհասկանաս։ Դու գիտես, Նատաշա, որ վերջերս ես թղթախաղում շարունակ տարվում եմ։

ՆԱՏԱՇԱ. Գիտեմ…

ԺՈՐԺ. Այսօր ես խրված եմ պարտքերի մեջ մինչև կոկորդս։

ՆԱՏԱՇԱ. Այդ էլ գիտեմ։

ԺՈՐԺ. Այո, բայց ես քեզ չեմ ասել, որ իմ պարտատերերի մեջ կա մեկը, ամենախոշորը, որ չգիտե խնայել իր հարազատ զավակին անգամ։ Այդ մարդուն ես պարտական եմ տասնուհինգ հազար ֆրանկ։

ՆԱՏԱՇԱ. Oh la la…

ԺՈՐԺ. Երեկ մուրհակի ժամկետն էր։ Որքան խնդրեցի, աղերսեցի պարտատիրոջս թույլ տալ մուրհակը փոխելու, անիրավը չհամաձայնվեց։ Նա սպառնաց դիմել դատարանին, եթե ես իսկույն ևեթ չվճարեմ։ Ճարահատյալ ես տվեցի նրան 15 հազարի մի չեկ։