Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես կստիպեմ իրենց ձեռքով փորել իրենց գերեզմանները...

ԳՐԻՇԱ․ (Հրճվանքով)։ Եվ այնտեղ թաղել կտանք նրանց կենդանի-կենդանի, չէ՞․․․ Հրաշալի գաղափար, հանճարեղ միտք։ Ամենքի՞ն․․․
ՇՊՈԻԼԵՆԿՈ. Ոչ, մի հատ կթողեմ նմուշի համար թանգարանում։
ԼԻԴԻԱ. Եվ այդպես բոլոր հրեաներին ջնջելուց հետո անշուշտ հերթը կգա հայերին, վրացիներին և բոլոր օտար ազգություններին, այնպես չէ՛, գեներալ։
ՇՊՈԻԼԵՆԿՈ․ Ես այդ չասացի:
ԼԻԴԻԱ. Ներողություն, դուք արդեն ասել եք այդ և շատ անգամ։
ՇՊՈԻԼԵՆԿՈ. Գրիշա, ես չէի՞, որ Կիսլովոդսկում հայերին պաշտպանեցի։
ԳՐԻՇԱ. Ճիշտ է, ձերդ գերազանցություն, կարող եմ երդվել։
ԼԻԴԻԱ. Ես կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե դուք չպաշտպանեիք մեզ։
ԺՈՐԺ․ (Հանդիմանաբար)։ Լիդիա, էլի՞ սկսեցիր մորեղբորդ երգը երգել։ Լռի՛ր։
ԼԻԴԻԱ. Ինչո՞ւ պիտի լռեմ։ Գեներալն ամեն տեղ պարծենում է, թե հայերին ազատել է կոտորածից և անարգում է մեզ, որ փող չենք տալիս նրան։ Այնպես չէ՞, ձերդ գերազանցություն, իրավ որ արժանի ենք, որ դուք մեզ կոտորեիք։ Բարեբախտաբար, բոլշևիկները ձեզ չեն թողնիլ, որ ոտք դնեք Ռուսիա։
ԺՈՐԺ. (Բարկացած)։ Լիդիա․․․
ՇՊՈԻԼԵՆԿՈ. (Գրգռված)։ Հիսուն հազար առյուծներ են սպասում իմ հրամանին Բալկանյան թերակղզու վրա։ Բայց Նիկոլայ Նիկոլայևիչն ասում է, թե դեռ ժամանակը չէ արշավելու, և ևս համաձայն եմ նրա հետ։ Garçon, deux boutcilles de soterne: ՍՊԱՍԱՎՈՐ. (Հասարակ գինու շշերը տանում է և բերում է երկու շիշ սոտերն):
ԼԻԴԻԱ. (Միշտ հեգնանքով)։ Հիսուն հազար առյուծներ, որոնց թվում և մի քանի վագրեր, ինչպես իմ ամուսինը,