Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ. Դե գիտես էլի, խոսքս իմ որդու ու քո քրոջ աղջկա մասին է, խնամի...


ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Հասկացա, միստեր Մինթոև, հասկացա, կամիք գիտնալ, թե իմ քրոջ դուստր ինչպիսի աղջիկ մըն է, այո՞:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, դե ամենից առաջ հենց էդ է հարկավոր իմանալ, հետո էլ...

ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Ասեմ, շատ աղվոր օրիորդ մըն է, տանը երեսուն ու իննը տարեկան, դրսում քսաներկու, համեստ է ինչպես կատու, բարի է ինչպես կապիկ: Շատ աստվածապաշտ է, ավետարանն անգիր գիտե, պոռնոգրաֆիա շաբաթվա մեջ է միայն կարդում, կիրակի օրերը գնում է եկեղեցի, խմելը մեզնում արգելված է, բայց մեկ-մեկ թաքուն խմում է: Արտաքի՞նը կուզեք գիտնալ. ամեն գովասանքից բարձր է. ճերմակ է ինչպես կճեպած ձու, թշերը կարմիր են, հասակը բարձր է ինչպես տելեգրաֆի սյուն, կուրծքը տափակ է տախտակի պես, ծծերը փորի վրա են, ոտները գեղեցիկ են ինչպես Վենետիկի գոնդոլներ, ատամները երկար ինչպես ձիու ատամները... Մի խոսքով կատարյալ ամերիկուհի է...

ՊԵՏՐՈՍ. (Որ լսել է զարմացմամբ, հիսաթափված): Ըմբո, էդ ի՞նչ գովասանք է, խնամի:

ՆԱՏԱՇԱ. Մենք ամերիկացիքս գովելու շնորհք չունենք, մենք չգիտենք բարբառել, մենք գործնական ենք, գիտե՞ք գործնական: Խմենք: (Բաժակները նորեն լցնելով, աչքով նշան է անում ոչ հեռու կանգնած սպասավորին, նոր շիշ բերելու):

ՍՊԱՍԱՎՈՐ. (Ուզում է կիսատ շիշը վերցնել):

ՊԵՏՐՈՍ. (Շիշը բռնելով): Թողիր մնա, դեռ մեջը շատ կա:

ՍՊԱՍԱՎՈՐ. (Բերում է մի նոր շիշ և այնուամենայնիվ կիսատ շիշը տանում է):

ՊԵՏՐՈՍ. Խնամի, ես ուրախ կլինեի, եթե իմ հարսը տեսքով քեզ նման լիներ:

ՆԱՏԱՇԱ. Ինձ նմա՞ն... oh la la. Ես ի՞չ եմ նրա համեմատ: Ոչինչ: Նրա նման մի ուրիշը չկա աշխարհի երեսին:

ՊԵՏՐՈՍ. Դե հիմի ուրիշ բանի մասին խոսենք: Խնամի,