Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրամանքդ ասացիր, որ ամերիկացիներդ գործնական մարդիկ եք։ Ես ինքս էլ համարյա թե մի ամերիկացի եմ, ծոտիպոտի բաներ չեմ սիրում։ Ուզում եմ ասել, թե ինձ հետաքրքրողն օժիտը չէ։ Փողն ի՞նչ բան է։ Ոչինչ, ես ինքս ինձ համար մի Մորգան եմ։ Բայց, դե մարդ ենք էլի, ինչ որ էլ լինի, բանը պիտի պարզենք։

ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Միստեր Մինթոև, կամի՞ք լսել ապաշների երգ։

ՊԵՏՐՈՍ. Ցավդ առնեմ, ինչ որ դու սիրում ես, ես էլ եմ սիրում։

ՆԱՏԱՇԱ. Գնանք մոտիկ լսելու։ (Պետրոսի թևը բռնած գնում են խորքը):

ՄԵՏՐ Դ՚ՕՏԵԼ. (Օգտվելով Պետրոսի բացակայությունից, սպասավորին հրամայում է նրա սեղանի վրա դնել անանաս, բիսկվիտ և այլն):

ՊԵՏՐՈՍ. ՆԱՏԱՇԱ. (Երգը լսելուց հետո վերադառնում են իրենց սեղանի քով):

ՆԱՏԱՇԱ. Հավանեցի՞ք ապաշների երգը։

ՊԵՏՐՈՍ. Շատ հավանեցի, շատ։ Հա, էն էի ասում, խնամի։ (Հանկարծ նկատել է սեղանի վրա ավելացվածը): Ըմբո, էդ ինչ է։

ՆԱՏԱՇԱ. Ուտելիք է, մազա, ուտենք։

ՊԵՏՐՈՍ. Հա, ուտենք։ Դե, խնամի, ագահություն չկարծես, հաա՜, լոխ աշխարհը գիտե, որ ես ագահ մարդ չեմ... Հասկացա՞ր։

ՆԱՏԱՇԱ. Հասկացա, խնամի, հասկացա, դուք ուզում եք բանը պարզել։ Խնամի, պետք է ասեմ, որ քրոջս աղջկա օժիտը մի մեծ բան չէ։

ՊԵՏՐՈՍ. Օրինակ, ինչքա՞ն է։

ՆԱՏԱՇԱ. Ոչինչ, չորսից մինչև հինգ հարյուր միլիոն...

ՊԵՏՐՈՍ. Չորսից մինչև հինգ հարյուր միլիոն ի՞նչ։

ՆԱՏԱՇԱ. Տանձի կորիզ։

ՊԵՏՐՈՍ. Տանձի կորի՞զ։ (Վախեցած):

ՆԱՏԱՇԱ. Այո, միստեր Մինթոև, մենք ամերիկացիքս դոլարին տանձի կորիզ ենք անվանում։