ղել է, մեջ է ընկնում): Չհամարձակվես, տեղդ կանգնիր...
ՊԵՏՐՈՍ. Հը, պաշտպանիր, լակոտդ է էլի: Մտիկ արեք դրանց սիր ու սիփաթներին, կասես մի փթած ձմերուկ լինեն միջից կտրած: (Ժորժին): Ըը, քո մոր ցեղի արմատն անիծվի, արմատը:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վրդովման շարժումներ է անում):
Ժորժ․ (Սառնասիրտ): Պապա, այդպես չի կարելի, չէ՞ որ պիտի ասես քո կատաղության պատճառը։
ՊԵՏՐՈՍ․ Կասեմ, կասեմ մի անգամ ոչ, հազար անգամ կասեմ։ Ադա, երեկ գիշերվա էն սիրուն կնիկն ո՞վ էր, հը․․․
ԺՈՐԺ․ Նա՞, Նատաշան էր, մեր բարի, սիրելի, անուշիկ Նատաշան, Կավո-Կոկասիեն գիշերային ռեստորանի պարուհին ու երգչուհին։ Չհավանեցի՞ր։
ՊԵՏՐՈՍ․ Բա դու չասացի՞ր, որ Մորգանի քույրն է, քո հարսնացվի մորաքույրը։
ԺՈՐԺ․ Ասացի, որովհետև հարկավոր էր այդպես ասել։
ՊԵՏՐՈՍ․ Ո՞նց թե հարկավոր էր, ուրեմն դու ինձ խաբեցի՞ր էլի։
ԺՈՐԺ․ Խաբեցի և ինչպես — ամենայն ազնվությամբ։
ՊԵՏՐՈՍ․ Ադա, դու գժվե՞լ ես, մեղա քեզ տեր ողորմած։ Մաղդաշ, դու բան հասկանո՞ւմ ես։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Ինձ հանգիստ թող։
ԺՈՐԺ․ Պապա, լսիր համբերությամբ և ամեն բան կհասկանաս։
ՊԵՏՐՈՍ․ Հը, ասա, ասա տեսնեմ։
ԺՈՐԺ․ Պապա, երեկ գիշեր հարսնացվիս մորաքույրը պիտի գար այդ ռեստորանը, չէ՞։
ՊԵՏՐՈՍ․ (Ծաղրով ու անհամբեր): Հրամանքս։
ԺՈՐԺ․ Ես քեզ տարա այնտեղ նրա հետ ծանոթացնելու, չէ՞։
ՊԵՏՐՈՍ․ (Հեգնաբար): Լավ ծանոթացրիր։
ԺՈՐԺ․ Պապա, եկանք թե չէ, ես քեզ թողի ռեստորանի դիրեկտորի հետ ու ինքս գնացի հարսնացվիս մորաքրոջը փնտրելու, չէ՞։