Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես։ (Ժամացույցին նայելով, անհամբերության շարժումներ է անում):

ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Այդ ինչի՞ց կուշանաք։
ԺՈՐԺ․ Հավրի գնացքին, մամա։ Վաղը Հավրի նավահանգստից մի ամերիկյան շոգենավ է ուղևորվում Նյու-Յորք, իսկ մենք տոմսակներն արդեն վերցրել ենք։
ՊԵՏՐՈՍ․ (Զարմացած): Ուրեմն...
ԺՈՐԺ․ Այո, պապա, ուրեմն, բոլորովին ուրեմն։ Մենք գնում ենք։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Ամերիկա՞։
ԺՈՐԺ․ Դե, իհարկե, Ամերիկա, զարմանալի մարդիկ եք։ Հարսնացվիս մայրը պահանջում է, որ մեր պսակադրությունը կատարվի նյու-Յորքում, ամերիկյան օրենքով և ահա այսօր, հենց այս ժամիս գնում ենք։ Մամա, տես ճամփարկղս պատրա՞ստ է․․․ Ո՜ւֆ․․․ (Նայում է ժամացույցին

ՏԵՍԻԼ 10

ՆՈՒՅՆՔ և ԱՂԱԽԻՆ

ԱՂԱԽԻՆ․ (Գալիս է խորքի աջակողմյան դռնով մի ճամփարկղ ձեռին): Պատրաստ է։

ԺՈՐԺ․ (Շտապով): Դե, թանկագին ծնողներ, մնացեք բարով։ Մամա, համբուրվենք։ (Համբուրվում են): Պապա, ներիր ինձ, մնաս բարով։ (Համբուրվում են․ ճամփարկղը շտապով խլելով աղախնից, վազում է խորքի ձախակողմյան դռնով):

ՏԵՍԻԼ 11

ՊԵՏՐՈՍ և ՄԱԳԹԱՂԻՆԵ

ՊԵՏՐՈՍ․ (Անշարժ նայել է Ժորժի ետևից, չկարողանալով ոչինչ անել):

ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Հըը, ի՞նչ ես քարացել, չես խոսում։
ՊԵՏՐՈՍ․ Ի՞նչ խոսեմ, լեզուս պապանձվեց։