Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱԳԹԱՂՒՆԵ․ Անհավատ ես, է, անհավատ։ Որդիդ գնաց պսակվելու, դու քարացել ես։ (Արտասվում է):

ՊԵՏՐՈՍ․ Հավատում եմ, հավատում եմ, ես նրա հոգուն մատաղ։ Օրհնվի քո ծնունդը, օրհնվի, արի պաչվենք, արի, արի։ (Գրկում է Մագթաղինեին ու համբուրում):
ՄԱԳԹԱՂՒՆԵ․ Թոդ ինձ, ես նեղացա քեզանից։ Դու Ժորժին ճամփի փող չտվեցիր։
ՊԵՏՐՈՍ․ էլի փո՞ղ։ Դե էն ա հարսնացուն իր ծախքով տանում է էլի... Ւ՞նչ ես ուզում։ (Զանգակ):

ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ, ԿԱՐՊ ՍՊԻՐԻԴՈՆՈՎԻՉ ԿԱՐԱՍՈՎ և ՌՈՄԱՆ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՄԵԶԲՈԻՐՈՎ

(Կարասով և Մեզբուրով, գալիս են խորքի ձախակողմյան դռնով: Երկուսն էլ վրդովված են, մանավանդ Կարասովը):

ՄԵԶԲՈՒՐՈՎ․ (Թեթև գլուխ տալով Պետրոսին և Մագթաղինեին): Բաս, այդ էր պակաս ինձ․․․ (Նստում է):
ԿԱՐԱՍՈՎ․ (Հուզմունքից չի կարողանում խոսքեր արտասանել): Փուֆ, փուֆ, հը՞, հը՞, հը՞․․․ (Թավալվում է բազկաթոռի վրա հևալով և քրտինքը սրբում է):
ՄԵԶԲՈՒՐՈՎ․ (Պետրոսին): Դու այնտե՞ղ ես եղել, հա՞ա։
ՊԵՏՐՈՍ․ Հրամանքս։
ՄԵԶԲՈՒՐՈՎ․ Հեր օրհնած, չէի՞ր կարող այդ կոմիսարի ձեռքը ճխտել մի քանի հարյուր ֆրանկ ու անմեղ երեխաներին ազատե՞լ։
ՊԵՏՐՈՍ․ Դու իմ տեղը լինեիր, տեսնենք կարո՞ղ էիր անել։ (Կողմ): Խելքս գլխումս է՞ր․․
ԿԱՐԱՍՈՎ․ Լաբազնիկներ, բոսյակներ,— պատերի վրա գրել են «ազատություն, հավասարություն, եղբայրություն», կոկային ծախելու համար մարդկանց բռնում են ու բանտ կոխում։ Այ ես դրանց հավատը․․․
ՊԵՏՐՈՍ․ Լավ, մի կատաղիր, հաստ մարդ ես, ով գիտե ինչ կարող է պատահել։