Ամբողջ խնջույքի ժամանակ Աննա Գասպարովնան ատելությամբ լի հայացքներ ձգելով Բարութչյանի վրա, ձգտում է նրա խանդն արթնացնել: Բարութչյանն անտարբեր է, դժվարությամբ է կարողանում զսպել իր կատաղությունը: Շուտով նրա գլխում միտք է ծագում հենց այսօր, հենց այս սեղանի շուրջն ընտրել մի նոր սիրական: Եվ նա ընտրում է երիտասարդ Աթալյանին, որին մինչև այդ օրն ուշադրության չէր արժանացրել: Մի քանի սիրալիր ժպիտներ հեռվից, և ահա ինժեները գրավված է:
— Աղջիկը չեղավ, թող մայրը լինի, — մտածում է նա և բաժակը վեր բարձրացնելով՝ հեռվից խմում է Աննա Գասպարովնայի կենացը:
Հյուրերը վեր են կենում:
ՊԱՏԿԵՐ XI
Արտեմ Պետրովիչի առանձնասենյակը: Մի խումբ հյուրեր, որոնց թվում և մի ալևոր կին, բակարա են խաղում: Յուրաքանչյուրի առջև դրված է խոշոր թղթադրամների մի կույտ: Խաղը մեծ է:
ՊԱՏԿԵՐ XII
Հյուրերն անցել են հյուրասենյակ: Թամարան դաշնամուր է նվագում: Ծափահարում են, խնդրում են շարունակել: Թամարան մերժում է: Նրա տեղը նստում է մի կին: Խորքից գալիս են նոր հյուրեր, որոնք ճաշին չկային: Պարեր, նախ ասիական, ապա եվրոպական:
ՊԱՏԿԵՐ XIII
Թղթախաղը շարունակվում է: Արտեմ Պետրովիչը շարունակ տանում է: Բոլորը նախանձում են նրան: Տանուլ տվողները հուզվել ու գրգռվել են: