ՊԱՏԿԵՐ XIV
Խնջույքը եռում է։ Ահա Գասպարովնան արբեցած է մի կողմից խնջույքի հաջողությամբ, մյուս կողմից՝ իր նոր հաղթությամբ։ Աբալյանն արդեն նրանն է։ Թամարան միշտ տխուր է ու ցրված։ Նա մի քանի անգամ մերժում է պարի հրավիրողներին։ Բարութչյանը դարձյալ Ժորժին ննջարան է տարել կոկային տալու: Վերադառնալով այնտեղից, հանկարծ վարագույրներից մեկի ծալքերի մեջ տեսնում է Աննա Գասպարովնային, որ Աբալյանին գրկած կատաղի համբուրում է։ Նա ժպտում է և ձեռքի շարժումով շնորհավորում է Աբալյանի հաղթությունը։ Նա ուրախ է, որ այդպես դյուրին ազատվեց ձանձրալի սիրուհուց։
ՊԱՏԿԵՐ XV
Թղթախաղը շարունակվում է։ Տելեֆոն։ Ոտքի է ելնում Արտեմ Պետրովիչը, մոտենում է գրասեղանին, վերցնում է փողը, ականջ է դնում: Նա գունատվում է, փողն ընկնում է նրա ձեռքից։ Ամենքը վախենում են, խաղն ընդհատվում է, ոտքի են ելնում։ Ի՞նչ է պատահել։
Արտեմ Պետրովիչն սթափվում է։ Նա ասում է․
— Ոչինչ, պարոններ, ոչինչ չի պատահել, խնդրեմ խաղը շարունակել։
Ապա, փողը նորեն վերցնելով, ասում է...
— Թաղման ծախսերի կեսն ինձ վրա եմ վերցնում։
Խաղը շարունակվում է։
ՊԱՏԿԵՐ XVI
Սալոնում պարերը շարունակվում են, Աննա Գասպարովնան «տանգո» է պարում Աբալյանի հետ, ամուր սեղմված նրա կրծքին։
ՊԱՏԿԵՐ XVII
Թամարայի ննջարանը։ Թամարան, անկողնակալի վրա հագուստով պառկած, լալիս է։ Նա աչքերը սրբում է դուրս