Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Մարկոզովի հանքերում: Խալիֆյանի գրասենյակում, երկու գրասեղաններ դեմ ու դեմ: Խորքում դռներ: Մեկ գրասեղանի մոտ պարապում է Աբալյանը: Շուտով նա գրիչը ձգում է և, գլուխը հենելով ձախ ձեռի ափին, մտածում է:

— Ես մորը գրավեցի, բայց նա ծեր է. հետո՞...

Խորքի դռներից գալիս է Բարութչյանը: Նրանք խոսում են երեկվա դժբախտ դեպքի մասին: Բանվորական խարխուլ կացարաններից մեկի առաստաղը խորտակվել է և նրա փլատակների տակ սպանվել են չորս բանվորներ: Ո՞վ է մեղավոր այդ բանում: Ոչ ոք: Սովորական դժբախտ դեպք է, քի՞չ են պատահել այդպիսի դեպքեր: Անցյալ աշնան նույնը չպատահե՞ց Նազիևի հանքում: Բարութչյանն ասում է, թե դժբախտությունը չորս բանվորների սպանվելը չէ, այլ այն, որ Խալիֆյանը շարունակ պահանջում էր քանդել խորտակված կացարանը և նրա տեղը շինել նորը:

— Իսկ դու, Աբալյան, պնդում էիր, թե նոր կացարանի կարիք չկա: Այժմ մեր հակառակորդը կարող է պարծենալ, թե իր խիղճը հանգիստ է:

— Թող պարծենա որքան ուզում է, Մարկոզովը պարտավոր չէր տասնյակ հազարներ ծախսել, ինչ-որ թուրք բանվորների համար: