— Գործադուլ, այո, գործադուլ, գոչում է Վլասը, իր հուժկու բռունցքը զարնելով սեղանին — վաղը ևեթ։
Խալիֆյանը խորհուրդ է տալիս չշտապել։ Անհրաժեշտ է հրավիրել մի ուրիշ ժողով մյուս բոքոր հանքերի բանվոր ընկերների մասնակցությամբ։ Պետք է ծրագիր մշակել, բացի նոր կացարանների պահանջից, կան և ուրիշ կարիքներ։
Որոշվում է նոր ժողով հրավիրել վաղը, կես գիշերին, Աբդուլլայի սենյակում։
ՊԱՏԿԵՐ VII
Գրասենյակում Աբալյանը մենակ է։ Նա դավադրություն է նյութում։
Նա ունի մի շարք պատճառներ իր իշխանավորին ատելու, նախ, որ նրանք գաղափարական հակառակորդներ են, ապա՝ որպես հանքերի գլխավոր վարիչ, Խալիֆյանը կանգնած է Աբալյանի կարիերայի ճամփի վրա։ Հետո, Աբալյանը գիտե, որ Թամարան հափշտակված է Խալիֆյանով, այնինչ՝ Աբալյանի իդեալն է՝ գրավել նշանավոր միլիոնատիրոջ միակ աղջկան և տիրանալ նրա օժիտին։ Բացի այդ բոլորից, Արտեմ Պետրովիչը չափից ավելի է գնահատում Խալիֆյանին, համարելով նրան ոչ միայն տաղանդավոր ինժեներ, այլև ազնիվ մարդ և անկաշառ ծառայող, մինչդեռ ինքը՝ Աբալյանը մինչև այսօր չի արժանացել Մարկոզովի առանձին ուշադրությանը։ Մի՞թե նա շարունակ պիտի մնա կառավարչի օգնականի պաշտոնում։
Գալիս է Բարութչյանը։ Նրա գլուխը ևս զբաղված է դավադրությամբ։ Նա ևս ունի պատճառներ Խալիֆյանին ատելու։ Այն օրից, որ այդ մարդը հանքերի վարիչ է դարձել, կտրվել է Բարութչյանի եկամտի գլխավոր աղբյուրը— նավթի գողությունը։ Ոչ մի հնար չկա նրան համոզելու, որ գողից գողանալը հանցանք չէ, այլ մի տեսակ արդար վրիժառություն։ Քանի որ ինքը՝ Մարկոզովը գողացել և կողոպտել է շատերին, միանգամայն ներելի է նրան կողոպտել։ Եվ Խալիֆյանը ուղղակի հիմար է, որ այդ բանը չի ըմբռնում և չի ընկերանում Բարութչյանին։