խրատներ տալու, թույլ տվեք ասել, որ ես ունեմ իմ ուսուցիչները և միայն ու միայն նրանց ուսմունքն է ինձ համար ընդունելի և պարտավորական։
— Բայց այդ ուսուցիչները չեն կարող ձեզ տալ այն, ինչ որ ես կարող եմ տալ։
— Այսի՞նքն։
— Կյանքի կատարյալ ապահովություն, հարստություն և հասարակական նախանձելի դիրք, այն, ինչ որ ինժեներների երազն է։
Խալիֆյանը հեգնորեն ժպտում է։
— Դուք չե՞ք հավատում, կարծում եք ես կատա՞կ եմ անում։ Լսեցեք, ես ավելի պարզ կխոսեմ։ Դուք գիտեք, որ իմ գործերը շատ են, բացի հանքերից, ես ունեմ գործարան, երկու շոգենավ, չորս առագաստավոր նավեր, յոթը մեծ տներ և այլն, և այլն։ Իմ հարստությունը հասնում է մի քանի տասնյակ միլիոնների։ Բայց ես դժբախտաբար ժառանգ չունեմ։ Իմ միակ որդին՝ Ժորժը ոչ մի բանի պետք չէ։ Նա մարմնով հիվանդ է, իսկ հոգով արդեն փշացած, ապականված, իսկ աղջիկս՝ աղջիկ է։ Եկեք, որդի ամուսնացեք Թամարայի հետ, նա քեզ հավանում է, և դուք միասին հավասար կվայելեք իմ ժառանգությունը։ Համաձա՞յն եք։
— Ո՛չ,
Արտեմ Պետրովիչը ցնցվում է։ Նրա լեզուն կաշկանդվում է, նա հազիվ կարողանում է արտասանել.
— Ինչո՞ւ։
— Որովհետև ոչ ես կարող եմ ձեր աղջկան բախտավորություն տալ և ոչ էլ նա ինձ։ Իմ պահանջները կյանքից և ձեր աղջկա պահանջները երբեք չեն կարող հաշտվել։ Մենք երկու արմատապես տարբեր շրջանի և տարբեր աշխարհայեցողության մարդիկ ենք։
— Ուրեմն դուք իմ և իմ աղջկա թշնամի՞ն եք։
— Արտեմ Պետրովիչ, թույլ տվեք ասել, որ մենք կոմունիսաներս անձնական թշնամություն ասված բանն արհամարհում ենք։ Մեր և ձեր միջի թշնամությունը կարող է լինել միայն և միայն դասակարգային։ Ներեցեք, ես ուշանում եմ իմ գործից, ուրիշ ասելիք չունե՞ք։