որ բանվորությունը վրդովված է չորս բանվորների կործանման պատճառով, ճի՞շտ է, արդյոք, որ գործադուլ է սպասվում, ճի՞շտ է, որ Խալիֆյանը խրախուսում է բանվորներին։ Բոլոր հարցերին Խալիֆյանը տալիս է հակիրճ և դրական պատասխաններ։ Արտեմ Պետրովիչը աստիճանաբար զայրանում է։
— Ուրեմն բանվորության շահը ձեզ համար ավելի թա՞նկ է, քան իմ գործը։
— Միանգամա՛յն։
— Եվ դուք այդ ասում եք, ծառայելով ի՞նձ։
— Ես գործին եմ ծառայում և ոչ ձեզ։
— Բայց չէ՞ որ գործի տերը ես եմ։
— Այո, ժամանակավոր։
Արտեմ Պետրովիչը հեգնորեն ծիծաղում է։
— Դուք, երևի, հարբած եք,— արտասանում է նա, շեշտակի նայելով Խալիֆյանի աչքերին։
— Ներեցեք, Արտեմ Պետրովիչ, ես երբեք չեմ հարբում։
— Ուրեմն դուք խելագարվե՞լ եք։
— Ես առողջ եմ կատարելապես։
— Կնշանակե, ճի՞շտ է լսածս, թե դուք կոմունիստ եք, այսինքն վտանգավոր խռովարար։
— Միանգամայն ճիշտ է։
Արտեմ Պետրովիչը լռում է, մտածում։ Նրա դեմքի արտահայտությունը մի քանի անգամ փոխվում է։ Վերջապես, իշխելով իրեն, նա մի վճռական շարժում է անում և ասում է․
— Լսեցեք, որդի, դուք գիտեք, որ ես ձեզ սիրում եմ հարազատ հոր պես: Դուք լավ տղա եք, խելոք, ազնիվ։ Դուք մեր բոլոր ինժեներներից բարձր եք ձեր բարոյական մաքրությամբ, ձեր անշահասիրությամբ։ Իմ հանքերի կառավարիչը դառնալուց հետո, նավթի գողությունն այնտեղ վերացել է, հանքերի արդյունաբերությունը համարյա թե կրկնապատկվել է։ Բացի դրանից, դուք ինձ երեք շատրվան եք տվել, այժմ սպասում եք չորրորդին։ Եկեք, թողեք ձեր ցնորքները, ձեր երազները, համոզվեցեք, որ աշխարհի տիրող օրենքները չեք կարող տակն ու վրա անել։
— Ներեցե՛ք, Արտեմ Պետրովիչ, եթե դուք ինձ կանչել եք