Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏԿԵՐ X

Երկու շարք վիշկաների մեջ փողոցանման տարածություն։ Բաշլղավորը բաց է անում դեմքր։ Էլեկտրական լամպարը լուսավորում է Աբալյանին։ Դեմ ու դեմ գալիս է Օսմանը։ Զարմացում երկու կողմերից։

— Ո՞ւր ես գնում Օսման,— հարցնում է Աբալյանը։

— Գնում եմ Տիգրան աղային տուն բերելու։ Դու ո՞րտեղից ես գալիս։

Աբալյանը հեռանում է շուտով, Օսմանի հարցը թողնելով անպատասխան։

Օսմանը տարակուսանքով շարժում է գլուխն ու ճանապարհը շարունակում է։

ՊԱՏԿԵՐ XI

Հետևյալ օրը: ԽԱԼԻՖՅԱՆԻ գրասենյակը

Խալիֆյանը ծխելով անց ու դարձ է անում։ Բարութչյանը տելեֆոնով քաղաք՝ Մարկոզովին տեղեկանք է տալիս քսան ու մեկերորդ հորի մասին։

Աբալյանն զբաղված է ինչ-որ գծագրությամբ։ Բարութչյանը տելեֆոնը թողնում է։ Վիճաբանություն փչացած հորի մասին։ Խալիֆյանը չգիտե ում կասկածել։ Բարութչյանը ենթադրում է, թե անկասկած նույն հարևան հանքատերն է փչացրել, որպեսզի նա շատրվան տալով չազդի հարևան հորերի արտադրության վրա։

— Իսկ ես համոզված եմ, որ բանվորներն են փչացրել համար քսանումեկերորդ հորը, գոչում է Աբալյանը, ձեռը գրասեղանին զարկելով, նրանք չորս կործանված բանվորների վրեժն են կամեցել առնել։

Խալիֆյանը զայրանում է և բողոքում։

Ներս է մտել Օսմանն ու կանգնել մի կողմում, մերթ ընդ մերթ զննող հայացքով Աբալյանին նայելով։ Նրա հայացքներն սկսում են Աբալայանին ներվայնացնել։

— Ես վերադասում եմ քաղաք, ի՞նչ ասեմ Արտեմ Պետրովիչին,— հարցնում է Բարութչյանը Խալիֆյանին։