— Մի՛ անհանգստացեք, Արտեմ Պետրովիչ, ես իմ գրպանից տվեցի։
Բարութչյանն ու Աբալյանն ուզում են Խալիֆյանին շնորհավորել։ Խալիֆյանը չի ընդունում և, դավադիրների պարզած ձեռքերն օդի մեջ թողնելով, շտապում է դուրս գալ։
ՊԱՏԿԵՐ V
Փողոցում, գրասենյակի մուտքի առջև սպասում է Մարկոզովի փառահեղ կառքը։ Կոզլի վրա նստած հաստափոր թաթար կառապանը դժվարությամբ է զսպում կատաղի ձիերին։ Գրասենյակից դուրս է գալիս Արտեմ Պետրովիչն ուրախ ժպիտը երեսին։ Նրան ուղեկցում է Բարութչյանը չարացած դեմքով։ Երևում է Աբալյանը գլխաբաց։ Ստրկահոգի ծառայի պատրաստակամությամբ նա օգնում է Արտեմ Պետրովիչին կառք նստել։ Կառքը սլանում է։ Աբալյանը երկար ժամանակ նայում է նրա ետևից նախանձով։
ՊԱՏԿԵՐ VI
Քսանումեկերորդ նավթահորի վրա։ Խալիֆյանն իր փողով պարգևատրում է հոր փորող բանվորներին, ընկերաբար և ուրախ զրուցելով նրանց հետ։ Հիացում և շնորհակալություն բանվորների կողմից։
ՊԱՏԿԵՐ VII
Աբալյանը գրասենյակում տանջվում է նախանձից և ատելությունից դեպի Խալիֆյանը։
ՊԱՏԿԵՐ VIII
Բարութչյանն իր առանձնասենյակում թեյ է խմում։ Նրան ծառայում է մի պառավ աղախին։ Ներս է մտնում Աբալյանը և հայտարարում է, թե իր ժողոված տեղեկությունների համաձայն, վաղը չէ մյուս օրը գործադուլն սկսվելու է։