գրել է իրեն անծանոթ աշխարհի մասին, և հետազոտության փոխարեն ուժ է տվել իր երևակայությանը, այդ պատճառով էլ դրաման դուրս է եկել թույլ, գործող անձինք անշունչ են և գունատ»։ Բայց նույն թերթում մի ուրիշ գրախոս գտնում է, թե «Արհավիրքի օրերին» դրաման «պատվավոր տեղ պետք է գրավե հայկական դրամատուրգիայի մեջ»։ Մի ուրիշ ռեցենզենտ գտնում է, որ Շիրվանզադեն, թեև հեռու է քաղաքական հասարակական հրապարակից, սակայն դիտում է կյանքը, «դառնալով իր ժամանակի ընդհանուր ցավերի ու իղձերի արտահայտիչ ու թարգման»։
Մամուլի ընդհանուր կարծիքն այն էր, որ Շիրվանզադեն դրամայում արծարծել է համաժողովրդական և համազգային խնդիրներ, տվել է հետաքրքրական կերպարներ արևմտահայ կյանքից, հասել է գեղարվեստական լուրջ նվաճման։ Սակայն զրախոսները վիճում էին Շիրվանզադեի առաջ քաշած գաղափարների շուրջը։ Այսպես, օրինակ, նրանք գտնում էին, որ Շիրվանզադեն վերջ ի վերջո չի տալիս հարցի լուծումը, իր վերաբերմունքը՝ կամավորական շարժման, գաղթականության և թուրք բռնակալության դեմ եղած ելույթների նկատմամբ։ «Սակայն պիեսը չի լուծում վերջնականապես ոչ առաջին և ոչ երկրորդ գաղափարը, այլ թողնում է հանդիսականին իրան լուծելու։ Դա գուցե պիեսի թերությունն է, բայց գուցե և առավելությունը։ Նա մտածողության, վերլուծման սնունդ է տալիս հասարակության, որ ամեն մինը լուծե հարցը իր խղճի համաձայն։ Եվ թերևս դա հարցի ամենախելացի լուծումն է, որովհետև այդ հարցի վերջնական և անաչառ լուծումը միայն ու միայն պատմությանն է վերապահված»։
Իրականում Շիրվանզադեն ունեցել է որոշակի հայացք պատմական դեպքերի նկատմամբ։ Այդ հայացքներն ունեն դրական, ընդունելի կողմեր և բացասական կողմեր, որի մասին կարելի է խոսել։ Շիրվանզադեն չէր բաժանում այն կարծիքը, թե կամավորական շարժումն ու ռուսական զորքին հայ կամավորների միանալը եղել է սխալ ու վնասակար։ Նա հակառակ էր այն միամիտ պատկերացմանը, թե իբրև Հայաստանի պատմական ողբերգության հիմնական պատճառը պետք է փնտրել հայկական ազատագրական և կամ սովորական շարժման մեջ։ Անտես չառնելով այդ շարժման որոշ սխալները և որոշ քաղաքական հոսանքների մեղքերը, Շիրվանզադեն մի հոդվածում գրում է, «Հայ կամավորների հանդես գալը մեր բանակում ինչ-որ քաղաքական խմբերի քմահաճույքի կամ ազգային փառասիրության արդյունք չէ։ Օ՜, բոլորովին ոչ։ Նա ծնունդ է առել թուրքահայերի դարավոր ատելությունից դեպի Թուրքիան, որը հինգ դար շարունակ սնվում է նրանց արյունով և հինգ դար շարունակ ապականում է մեր մոլորակի ամենագեղեցիկ անկյուններից մեկը։ Նա արդյունք է արևելյան քրիստոնյաների վաղեմի պաշտպան Ռուսիայի նկատմամբ ունեցած խոր համակրանքի։ Նա եղել է և կա որպես խաղաղ և կուլտուրական ժողովրդի տառապանքներից ծնունդ առած տարերային շարժում։ Բաժակը չափազանց լիքն Էր, որպեսզի հայերը բացահայտ և համարձակ դուրս չգային իրենց ճնշողների դեմ (Кавказское слово», 15 հոկտեմբերի, 1915 թ., էջ 5)։