վերնագրով և նույն վերնագրով էլ մտել է Շիրվանզադեի երկերի տասնհատորյակի 7-րդ հատորը (1951 թ․)։
Խմբագրությունը, անիմաստ համարելով այդ վերնագիրը, որոշեց տալ նոր վերնագիր՝ «Ազգային գործիչը», քանի որ կատակերգության մեջ մի քանի անգամ գլխավոր բացասական կերպարը կոչվում է այդ անունով, այնտեղ ծաղրվում է ազգային գործչի» գռեհկությունը, կեղծ ազգասիրությունը, նյութամոլությունն ու տգիտությունը։
ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ
Հայաստանում Սովետական կարգեր հաստատվելուց հետո, մինչև 1926 թ․, Շիրվանզադեն հիվանդության պատճառով մնաց արտասահմանում։ Բայց այդ տարիներին գրողը ուշադիր հետևում էր Սովետական երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա համոզված էր, որ միայն սովետական կարգերը կարող են փրկություն բերել իր տառապած ժողովրդին, և իր հոդվածներում խոր համակրանքով էր խոսում Սովետական Հայաստանի մասին։ 1926 թ. գրողը վերադառնում է հայրենիք։ Նույն թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նա, Սունդուկյանի անվան Պետական թատրոնի հատուկ պատվերով, գրում է «Մորգանի խնամին» կոմեդիան։ «Մորգանի խնամին» քաղաքական կոմեդիա է, ուր ոչնչացնող ծաղրով Շիրվանզադեն ասպարեզ է հանում ռևոլյուցիայի պատմող ձեռքից արտասահման փախած հայ և ռուս վտարանդիների, նախկին նավթատերերի, միլիոնատերերի, ցարական սպաների և քաղաքական շառլատանների կյանքը։ «Մորգանի խնամին» սովետահայ առաջին քաղաքական կոմեդիան է. այստեղ արտահայտված է հաղթանակած ժողովրդի ոչնչացնող ծաղրը իր երեկվա շահագործողների նկատմամբ, որոնք անզուսպ կերպով երազում են կրկին դառնալ երկիր, վերականգնել հին կարգերը, արյան մեջ խեղդել կոմունիստներին, բանվորներին, երկիրը պատել կախաղանի սյուներով։
Պետք է ասել, որ այս թեման Շիրվանզադեին հուզել էր դեռ արտասահմանում։ 1925 թ. Փարիզի «Երևան» լրագրում (№ 13) լույս է տեսնում Շիրվանզադեի «Արմյաշկա» պատմվածքը, որը «Մորգանի խնամին» կոմեդիայի որոշ տեսիլների (2-րդ արարված, տեսիլ 8, 12) ու կերպարների (գեներալ Շպուլենկո) համար մի տեսակ նախապատրաստություն էր։ Ահա մի հատված այդ պատմվածքից, ուր պատկերվում է քաղաքական վտարանդիների ստոր միջավայրը.
«Վերջապես մի շարք միապետական և սեղանի մասնակցողների կենացներ խմելուց հետո՝ հերթը հասավ երկարաքիթ հյուրընկալին։ Սեղանապետը փառաբանեց նրա արժանավորությունները։ Շատ բաներ ասաց ի միջի այլոց.
— Թեև մեր բարեկամը և գաղափարակիցը ազգով հայ է, բայց իսկական ռուս պատրիոտ է։