Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես կկամենայի, որ դա կրոնով էլ իսկական պատրիոտ լիներ, օրթոդոքս,— արտասանեց բարձր հոգևորականը։

— Կհուսանք։

Այդ կենացի միջոցին սեղանի կենտրոնում տեղի ունեցավ հետևյալ դիալոգը կատաղի հրապարակախոսի և գազանաբարո ժեներալի միջև։

— Ո՞վ է, ի՞նչ մարդ է մեզ հետ արբեցողը,— հարցրեց ժեներալը։

— Չլսեցի՞ր, որ արմյաշկա է,— պատասխանեց հրապարակախոսը։

— Արմյաշկա՞։

— Այո, նա մեր գործին շատ է օգնում, մեր լրագրի ծախքերը նա է տալիս։

— Բայց նպատակը ի՞նչ է, նպատակը։

— Նպատակը,— կրկնեց հրապարակախոսը,— իհարկե, ունե նպատակ, արմյաշկան առանց որոշ նպատակի մի կոպեկ չի ծախսի։ Ասում են հույս ունի միապետությունը վերականգնելուց հետո ստանալ կամերգերի տիտղոս։

— Յա՞, այդ քոսոտ արմյաշկա՞ն,— գոչեց ժեներալը,— երբեք, ես թույլ չեմ տալ։ ես վճռել եմ՝ երկիր մտնելուց հետո, ամենից առաջ այդ արմյաշկաներին կոտորել։

— Ո՛չ, առաջ ջհուդներին պետք է կոտորել։

— Այդ ինքնըստինքյան, այդ վաղուց է որոշված, բայց Կովկասում նախ և առաջ արմյաշկաներին։

— Հետո, իհարկե, վրացիներին։

— Այո, և այդ գռուզիններին, ամենքին։

«Մորգանի խնամին» առաջին անգամ ներկայացվեց 1927 թ․ ռեժիսյոր Արշակ Բուրջալյանի բեմադրությամբ։ Կոմեդիան մշտապես մնաց սովետահայ թատրոնի խաղացանկում։ Կոմեդիան 1949 թ, մինչև այսօր մեծ հաջողությամբ բեմադրվում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում (ռեժիսյոր և Մինթոևի դերակատար՝ Թադևոս Սարյան), Լենինականի Մռավյանի անվան Պետական թատրոնում, ռեսպուբլիկայի մի շարք ուրիշ թատրոններում։

ՎԵՐՋԻՆ ՇԱՏՐՎԱՆԸ

«Վերջին շատրվանը» կինոսցենարը գրվել է Հայկինոյի պատվերով, 1934 թ Առաջին անգամ տպագրվել է 1934 թ, Գրական թերթ»-ում (№ № 23, 29—30)։ Սցենարում արվեստագետը հետաքրքրական փորձ կատարեց՝ պատկերել բանվորության ռևոլյուցիոն շարժումները։ Ամենայն հավանականությամբ, գլխավոր գրական հերոսին Խալիֆյանի կերպարը ստեղծելիս, Շիրվանզադեն նկատի է ունեցել Ստ․ Շահումյանի գործունեության և կենսագրության որոշ փաստեր։

ՀՐ. ԹԱՄՐԱԶՅԱՆ