Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՏԵՓԱՆ. (Բռնելով Կոստանդինի թևը): Զսպեցե՛ք ձեզ։


ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ի՜նչ պիտի անեի։ Ես կռվելու համար չէի եկել այս տունը, այլ ապրելու։ Պատերը կապստամբեինք եթե ես թշնամություն գցեի որդու և մոր մեջ։ Ճարահատյալ սկսեցի հարմարվել իմ վիճակին, ինչպես մի որսված թռչուն, որ ընտելանում է իր վանդակին։ Բայց թռչունն իր վանդակում իսկ պահպանում է երգելու, թռչկոտելու իրավունքը, մինչդեռ ինձնից այդ էլ են խլում։ (Լալիս է հանդարտ):

ԵՂԻՍԱԲԵԹ. Ասացի՞ր բոլորը, վերջացրի՞ր։ (Կոստանդինին): Դե՛հ, տարեք նրան այստեղից, երբ ուշքի կգա, ես կխոսեմ նրա հետ։ Ամո՜թ, ամոթ ձեզ նման հորը։

ՍԱՄՍՈՆ. (Սրտմտությամբ): Մայրի՛կ... Ես խնդրում եմ, գնա՛ քո սենյակը։

ԵՂԻՍԱԲԵԹ. Կգնամ, ես չեմ կարող այս անպատվությունը տեսնել... Անզգա՞մ։ (Գնում է դեպի ձախ կողմի երկրորդ դռները, լսելով Վիրգինեի ձայնը կանգ է առնում):


ՏԵՍԻԼ 13



ՆՈԻՅՆՔ և ՎԻՐԳԻՆԵ


ՎԻՐԳԻՆԵ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Վերարկու և գլխարկ հագած, ձեռքին հովանոց և մի քսակ): Մայրիկ, մնաս բարո՛վ։

ՍՏԵՓԱՆ. Ո՞ւր ես գնում։

ՎԻՐԳԻՆԵ. (Արագ-արագ ձեռնոցները հացնելով): Քաղաք, իմ տունը։ Խայտառակվեցի, հերիք է։ (Սամսոնին): Եղբայր, ներողություն, ինչպես երևում է այդ բոլորի պատճառը ես եմ։ Ես չպիտի պաշտպանեի իմ հոր տան պատիվը։ Մնաս բարո՛վ։

ՍԱՄՍՈՆ. (Գրգռված): Վիրգինե՛, խելոք կաց։

ՎԻՐԳԻՆԵ. Լավ. մի՛ կատաղիր, գիտեմ, որ քույրը եղբոր համար մի մեծ բան չէ։ Գնում եմ։

ՍՏԵՓԱՆ. Վիրգինե՛, մինչև անգամ իմ համբերությունն էլ