ամբոխի սեղանի փշրանքներով։ Ես վճռեցի զոհել ամեն բան։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ամեն բան, հարկավ, բացի զավակներից։
ՀՄԱՅԱԿ. Նույնիսկ զավակներիս։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Բավական անտարբեր): Նույնիսկ զավակներիդ։ Շատ չէ՞ արդյոք, այդ ինձ համար։
ՀՄԱՅԱԿ. Արմենուհի, չի կարող լինել իսկական սեր առանց խոշոր զոհաբերության։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Բայց մի այդպիսի զոհ կարող է թունավորել ամեն մի սեր, որքան ևս այն զորավոր լինի։
ՀՄԱՅԱԿ. Ամենագեղեցիկ ծաղիկն ամենասոսկալի թույնն է պարունակում իր մեջ։ Անունն է այդ ծաղկի բելադոն։ Ես բարվոք եմ համարում նրա բուրմունքով մահ ընդունել, քան անվերջ սողալ բուսական կյանքի ձանձրույթում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Դուք չունիք իրավունք զրկելու այդ անմեղներին իրանց հորից. այդ կլինի ոճիր, եթե անեք։
ՀՄԱՅԱԿ. Բայց միթե ավելի մեծ ոճիր չէ՞ մարդկային ամենավեհ զգացման հետ առևտրական դաշինք կապել։ Ես գերադասում եմ իմ զավակներին զրկել իրանց հորից, քան թողնել նրանց առանց ծնողների։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Չեմ հասկանում այդ։
ՀՄԱՅԱԿ. Ա՛հ, տիկին, իմ զավակներն արդեն ծնողներ չունին։ Այն օրից, երբ ես հանդիպել եմ ձեզ, նրանց մայրն և ես նրանց թշնամիներն ենք։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մեկուսի, տանջանքով): Աստվա՜ծ իմ։
ՀՄԱՅԱԿ. Ի՜նչ է այդ ողորմելիների տեսածն ու լսածը մեզնից։ Փոխադարձ ատելություն, հալածանք, զզվանք։ Արդեն նրանց մանուկ աչքերը հոգնել են մեր ամենօրյա ընդհարումները տեսնելուց, արդեն նրանց քնքուշ լսելիքը աղավաղել է իրանց մոր անզուսպ անեծքներից և հիշոցներից։ Երեկ առավոտ կրտսերը հարցնում է ինձ․ «Հայրիկ, քո անունը լի՞րբ է»։ Ահա ամենաթույլ ածականը, որ տալիս է ինձ նրանց մայրը։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Տառապանքով): Եվ մեղավորն ես եմ, ա՜հ։
ՀՄԱՅԱԿ. Կա՞րող է լինել ավելի մեծ ոճիր, քան ամեն օր,