ՏԵՍԻԼ 9
ԱՐՄԵՆՈՒՀԻ, մենակ
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մնալով մենակ, մի րոպեի չափ մտածում է, թեթև շարժումն է անում, բարձրանում է սանդուղքը մի երկու աստիճան: Հանկարծ կանգ է առնում, վճռական շարժումն է անում, իջնում է և նստում առաջին աստիճանի վրա: Գլուխը բռնում է ձեռների մեջ և մտածում):
ՏԵՍԻԼ 10
ԱՐՄԵՆՈԻՀԻ և ՀՄԱՅԱԿ
ՀՄԱՅԱԿ․ (Երևում է խորքի դռնակի մեջ: Հուզված է, գունատ, նիհար, բայց ընկճված չէ, այլ վճռական, համարձակ): Տիկի՛ն։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գլուխը բարձրացնում է, նայում, ցնցվում, ոտքի կանգնում): Ա՛հ, դո՞ւք, այստե՞ղ։ Նա իսկույն հեռացավ. կարող է վերադառնալ։
ՀՄԱՅԱԿ. Չտեսնելով ձեզ սովորական ժամին ժայռի վրա, ինձ թվաց, որ մի դժբախտություն է պատահել և վճռեցի ամեն վտանգ հանձն առնել։ Պետք է վերջ տալ այս անտանելի կացությանը։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Հեռացեք աստված սիրեք, հեռացեք։
ՀՄԱՅԱԿ. Առանց ձեզ մի քայլ անգամ չեմ անիլ այստեղից։ Կամ այսօր, կամ երբեք։ Ես այլևս տառապելու ուժ չունիմ, պետք է հանգույցը լուծել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Հուսահատ): Դյուրին է ասել, բայց ինչպե՞ս լուծել։
ՀՄԱՅԱԿ. Այնպես, ինչպես պահանջում է ամենազոր, ամենահաղթ սերը, որի համար չկա ոչ մի խոչընդոտ։ Ստել և խաբել ոչ դուք կարող եք և ոչ ես։ Մինչդեռ մեզ արդեն համարում են սովորական խաբեբաներ։ Արմենուհի, ապացուցանենք, որ մենք ընդունակ չենք ամոթալի դաշինք կապելու հասարակական հնամաշ ավանդությունների հետ։ Մեր սերը չի կարող և չպիտի կերակրվի