Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

t

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Արժանի՞ եմ ես, արդյոք, այնտեղ ընդունվելու։


ՀՄԱՅԱԿ. Ավելի քան արժանի եք, որովհետև դուք ունիք աստվածային ձիրք և մեծ ձիրք։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ա՜խ, այդ ամենքն ասում են, ամենքը և ես զգում եմ, որ ունիմ, զգում եմ մանկությունից— ահա իմ թշվառության աղբյուրը։

ՀՄԱՅԱԿ. Դեն ձգեցեք սնոտի երկյուղի և կեղծ ամոթի կապանքները։ Միայն մի քայլ, և դուք փրկված եք։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ոգևորվելով): Ասացեք, թո՞ւյլ կտան ինձ այնտեղ նվագելու։

ՀՄԱՅԱԿ. Երբ կամենաք, որքան կամենաք և ինչ կամենաք։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Հետզհետե ինքնամոռացության մեջ ընկնելով): Եվ ոչ ո՞ք չի խանգարիլ ինձ, ո՞չ մի ձայն, ո՞չ մի տրտունջ։

ՀՄԱՅԱԿ. Ոչ ոք, ոչինչ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Եվ ես կլինեմ այնտեղ արտիստների շրջանում։ Օ՛հ, այդ իմ լավագույն երազն է։ Ինձ չեն արհամարհիլ։ Նրանք ինձ պատիվ կանեն արվեստների մասին հետս խոսելու։ Եվ ես այլևս չեմ լսիլ առևտրի, շահի ու վնասի, մուրհակների ու մատյանների մասին։ Իմ հոգնած լսելիքն այլևս չի ընդունիլ համարակալի չխկչխկոցը։ Ա՛հ, տարեք ինձ, փախցրեք այստեղից, ես փափագում եմ այդ աշխարհում շնչել և ապրել։

ՀՄԱՅԱԿ. Աա՞, վերջապես, դուք խոսեցիք ձեր բնական ձայնով։ (Գրկում է Արմենուհուն
): Այժմ ես այլևս երկյուղ չունիմ։ Մենք տարանք հաղթանակը․ մեր թշնամիները չեն կարող հրճվել։ Գնանք, շտապեցե՛ք։ Ես արդեն ամեն ինչ պատրաստել եմ փախչելու համար։ (Մղում է Արմենուհուն բեմի խորքը): Հիսուն քայլ հեռու, անտառի մոտ մեզ սպասում է մի կառք։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ազատվելով Հմայակի գրկից): Բայց ոչ, սպսեցեք. Հեռո՜ւ, ես խելագարվում եմ, հա՜յրս, զավա՜կս։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։