ՄԱՐԻԱՄ. Քար կտրվեմ, բալաներս, այսօր անոթի եք. գնամ հաց ու պանիր բերեմ ձեզ համար։ (Ուզում է գնալ):
ՏԵՍԻԼ 3
ՆՈԻՅՆՔ և ԳՅՈԻԼՆԱԶ
ԳՅՈՒԼՆԱԶ. (Գալիս է աջ կողմի դռնից ձեռքին մի վառած մոմ, որ դնում է իրանց տան սաքվի վրա: Կռան տակին մի կապույտ սփռոց և մյուս ձեռքին ափսեներ. Մարիամից մի քիչ երիտասարդ կին է, ավելի սիրուն: Հագնված է Մարիամի պես, շալը հնամաշ չէ): Համբերիր, ա կնիկ, ես սեղան եմ պատրաստում։ Մենք էլ անոթի ենք, միասին մի բան ուտենք։ (Սփռոցը սփռում է հատակի վրա և ափսեները վրան դարսում):
ՄԱՐԻԱՄ. Աստված ինձ հավիտյան անոթի թողեց։ Ա՜խ, Գյուլնազ, քանդվեցինք-պրծանք։ Գնացել էի մարդուս դուքանը տեսնելու։ Այնքան կուժ ու կուլայից քսան հատ չի մնացել, չիմ փշրվել է, մոխիր դարձել։ (Արտասվում է):
ԳՅՈՒԼՆԱԶ. Ինչ անենք, մինիկ տղայիդ կյանքին մատաղ մարդուդ կուժ ու կուլան։ Մի կտոր հաց միշտ կճարենք, բայց զավակներ ճարել չենք կարող։
ՄԱՐԻԱՄ. (Աչքերը թաշկինակով սրբելով): Դե, դրուստ ես ասում, ինչ ասեմ, փառք երկնավորին։ (Սկսում է օգնել Գյուլնազին):
ԳՅՈՒԼՆԱԶ. Փառք, փառք և փառք, որ դրանց կյանքն առավ ու մեկ էլ մեզ բաշխեց։ (Ցույց է տալիս Սուսանին ու Սեյրանին նայելով դեպի երկինք): Արարիչ աստված, ինչ կապույտ է երկինքդ, ինչ պայծառ են աստղերդ, բայց չգիտեմ ինչու ես բարկանում մեզ վրա։
ՍՈՒՍԱՆ. Մամա, իմ աստղը ո՞րն է։ (Վեր է կենում):
ԳՅՈՒԼՆԱԶ. Ա՛յ, տեսնո՞ւմ ես, այն պզտիկն է, յոթ եղբայրների մոտ։ Աստված քեզ յոթի տեղ մի եղբայր է տվել, աղաչիր նրան, որ պահի, պահպանի մինիկ եղբորդ չար