ԴՐՍԻՑ. (Լսվում է բավականին երկարատև դղրդյուն):
ՍՈՒՍԱՆ. (Սարսափած ոտքի է թռչում): Այ, տեսար, էլի կարմիր կովը կատաղեց։
ՍԵՅՐԱՆ. (Սարսափած, ոտքի է թռչում): Տափը շարժվում է:
Փախչենք։
ՍՄԲԱՏ. Իսկի մի վախենաք, տափը հանդարտ է, գնամ տեսնեմ ինչ պատահեց (Վազում է բեմի խորքը):
ՍՈՒՍԱՆ. (Իրար ձեռքից բռնած, երկյուղով նայում են դեպի խորքը):
ԴՐՍԻՑ. (Շարունակ լսվում է աղմուկ, սակայն ոչ առաջվա պես սաստիկ: Զանգերը դադարել են):
ՍՄԲԱՏ. (Քիչ հետո գալիս է): Ոչինչ, մի վախենաք, Չոփուռանց տան մնացած պատն էր, իրանք թափեցին, որ անցնողների վրա չընկնի։
ՏԵՍԻԼ 2
ՆՈՒՅՆՔ և ՄԱՐԻԱՄ
ՄԱՐԻԱՄ. (Գալիս է ձախ կողմի տնակից, ձեռքին մի վառած մոմ, որ դնում է իրանց տան սաքվի վրա: Մոտ քառասուն տարեկան կին է, հասարակ տեղական հագուստով. գլխին թոռ է կապած, ուսերին գցած հասարակ հնամաշ շալ): Մութն ընկավ, երկինք երկիր խավարվեց։ Ինչ մեղք էինք արել, երկնային դատավոր, որ այսպես պատժեցիր մեզ։ Պառկեցեք, բալաներս, պառկեցեք, մի լսեք այդ զարհուրելի ձայները, մի տեսեք այդ դիակները, որ տանում են փողոցով։ Օրհնյալ լինի աստծու զորությունը, օրհնյալ լինի, որ ձեզ ազատեց։ (Ձեռները դեպի երկինք բարձրացնելով): Տեր, դու սրանց պահես պահպանես փորձանքներից։
ՍԵՅՐԱՆ. (Նստում է իր անկողնի մեջ): Մամա, ես քաղցած եմ։
ՍՈՒՍԱՆ. (Նստում է անկողնի մեջ): Ես էլ։ (Ծամոնը դուրս է բերում բերանից):