Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արեգակի այդ վերջին շողերի հետ, կարծես, իմ էությունից անջատվեց ինչ–որ թանկագին մի կտոր, ընկավ ապագայի մթության մեջ և մեռավ։ Չկա այլևս մարդու համար անապական երջանկություն այն օրից, երբ նա բաժանվում է ծնողների գուրգուրանքից։

Ինչ փույթ, որ այժմ ես ազատ եմ, ինքնագլուխ. իմ առջև կանգնած էր անհայտ ճակատագիրը. ի՞նչ ապագա է հյուսում արդյոք այս սֆինքսն ինձ համար, և այսուհետև ո՞վ պիտի պաշտպանի ինձ կյանքի ասպարեզում։

Արցունքներիս միջից մի անգամ ևս նայեցի դեպի ետ։ Մութն արդեն կլանել էր կիսավեր քաղաքն իր շրջակա լեռներով ու ձորերով։ Երկինքը զարդարվեց աստղերով։ Այդտեղ էր, որ ես առաջին անգամ մտածեցի իմ տասնյոթամյա փոքրիկ անցյայի մասին։ Եվ նա պատկերացավ իմ առջև իր ամբողջությամբ։

Վեց տարեկան էի, երբ մի օր, առանց իմ ծնողներին հարցնելու, վազեցի մեր դրացի Սարգիս վարպետի ուսումնարանը։ Այդտեղ էին ոմանք իմ հասակակիցներից։ Ես չուզեցա նրանցից ետ մնալ, թեև չգիտեի՝ ինչ տարբերություն կա փողոցի և դպրոցի մեջ։

Սարգիսը բողոքականների պարագլուխն էր։ Դա մի հեզահամբույր ծերունի էր, բարձրահասակ, առույգ, ժպտուն։ Երբ նա փողոցով անցնում էր, մի տարօրինակ հաճույք էի զգում, նայելով նրա ճերմակ մորուքով զարդարված բարի դեմքին։ Ինձ թվում էր, որ նա մի առանձին սեր է զգում դեպի մանուկները, թեև ինքը չուներ զավակներ, ամուրի լինելով։ Նա հարգված էր ամենքից, նույնիսկ ոչ բողոքականներից։

Բարեբախտաբար, հայրս այդ ժամանակ բացակա էր քաղաքից, ապա թե ոչ անկասկած պիտի ինձ պատժեր ըմբոստ վարմունքիս համար, մանավանդ որ նա առհասարակ բողոքականներին չէր սիրում և նրանց անվանում էր «Հուդայի ծնունդ»։

— Ի՞նչ ես ուզում, զավակս,— հարցրեց Սարգիս վարպետը՝ գլուխս փաղաքշաբար շոյելով։

— Ուզում եմ կարդալ ու գրել սովորել,— պատասխանեցի