Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մուխանն ազատամտության մեջ էլ այնքան զորեղ է, որքան ուտելում, ապա վայ պահպանողականներին։ Գալով խմելուն, այստեղ նա այնքան ագահ չէր։

— Գիտե՞ս, ես գինին մենակ խմել չեմ սիրում,— բացատրեց նա իր ժուժկալությունը,— ընկեր պիտի լինի, որ բաժակ-բաժակի զարկես, իշտահդ բացվի։

Կշտացա՞վ ուստա Մուխանը, թե չէ,— չգիտեմ, վերջապես ժողովեց կերակուրների մնացորդը սփռոցի մեջ, դրեց խուրջինը և ասաց.

— Շուշուց մինչև Եվլախ անքուն եմ եկել, մի քիչ հանգստանամ։

Ասաց և, գլուխը դնելով խուրջինի վրա, անմիջապես քնեց։ Երկար ժամանակ նրա ահագին փորը բարձրանում ու իջնում էր, և կոկորդն արձակում էր աղմկալի խռմփոցներ, հարուցանելով փոքրաթիվ ճամփորդների բողոքն ու զայրույթը։

Երեք ժամ անցած Գանձակ կայարանում մեր վագոնը լցվեց նոր ճամփորդներով։ Մեծ մասամբ թուրքեր էին մորթե ահագին փափախներով, ամենքն էլ զինված դաշույններով։ Եկավ և մի հայ քահանա՝ կրծքի վրա մի մեծ խաչ արծաթե շղթայով։ Դա մի նիհար, բարձրահասակ մարդ էր ալեխառն մորուքով, խիստ թավ հոնքերով և բարկացկոտ դեմքով։ նա անմիջապես տեղավորվեց իմ քով, ասելով՝ «աստված օրհնե», թեև ես չէի ասել «օրհնյա տեր»։ Ճիշտ այդ պահին ուստա Մուխանը զարթնեց, գլուխը բարձրացրեց և, իր դեմուդեմ տեսնելով քահանային, թեքվեց դեպի ինձ և կամացուկ ասաց.

— Հրաժարիմք ի սատանայե։

Ապա դառնալով քահանային, հարցրեց.

— Ի՞նչտեղ ես գնում, տեր-հայր։

— Աստված օրհնե,— պատասխանեց քահանան, շփելով իր ալեխառն մորուքը։

— Շնորհակալ եմ։ Ես հարցնում եմ՝ ի՞նչտեղ ես գնում։

Քահանան աջ ձեռը շերեփաձև մոտեցրեց ականջին և, գլուխը ուստա Մուխանին թեքելով, ասաց.

— Մի քիչ բարձր խոսի, ծանր եմ լսում։