Ուստա Մոււխանը կրկնեց իր հարցը։
— Առայժմ Թիֆլիս եմ գնում, հետո պիտի գնամ սուրբ էջմիածին.— պատասխանեց քահանան։
— Պիտի գնաս մեռոն բերելու, հա՞...
— Ոչ, գնում եմ ամեն տարվա ուխտս կատարելու։
— Եվ կամիլավկա ստանալու, հը՞...
— Կամիլավկա վաղուց ունեմ, այս խաչի հետ եմ ստացել։
— Քանիսո՞վ ես առել, տեր֊հայր, դրուստն ասա։
— Ես փողով չեմ գնել իմ խաչն ու կամիլովկան, այլ ստացել եմ իմ երկարամյա ծառայության համար սուրբ լուսավորչի առաքելական եկեղեցուն։
— Հասկանում եմ, էն եկեղեցուն, որ մեր ազգի տունը քանդեց,— արտասանեց ուստա Մուխանը, կամենալով անպատճառ քահանայի հետ վեճի բռնվել։
Քահանայի աչքերը կատաղությունից պսպղացին վառված ածուխի պես։
— Ինչպես երևում է, պարոն, դուք կամ նզովյալ լութերական եք, կամ ազգակործան մշակական,— գոչեց նա գրգռված։
— Հրամանքս, մշակական եմ, պարծենում եմ,— պատասխանեց ուստա Մուխանը, ձեռները գնելով փորի վրա,— խավարամիտների ազրայիլը, հոգեհանը, նրանց քիթ ու պռունգ ջարդողը։ Համեցեք, բան ունես ասելու, ասա, մենք պատրաստ ենք։
— Բարով վայելեք ձեր ոզնի[1] Արծրունուն։
— Դուք ել բարով վայելեք ձեր քավթառ աղվես Պետրոս Սիմոնյանցին։
— Արծրունին ազգի դավաճան է, ռուս կառավարության անամոթ վարձկանը։
— Պետրոս Սիմոնյանցը էջմիածնի մոնթ է, նրա հարամ հացովն է ապրում։ Գևորգ IV-ի օրով նա Մանկունու հետ թալանեց էջմիածնի հարստությունը, գողացավ թանկագին
- ↑ «Մշակ» և «Մեղու Հայաստանի» լրագրերի կատաղի բանակռիվների ժամանակ Արծրունին Պետրոս Սիմոնյանցին անվանում էր «պառավ աղվես», իսկ մեղվականներն Արծրունուն անվանում էին «ոզնի»։