Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ակնեղենները թանգարանից ու տեղը դրեց կեղծ քարեր։ Էդ մենք վաղուց գիտենք։

— Այդ սուտ է, զրպարտություն, անպատկառ մշակականների հնարած հեքիաթները...

— Սուտը ձեր ասածն է. դուք ամեն բան հնարում եք Արծրունուն անպատվելու համար. նա մաքուր մարդ է, անարատ, ոնց որ մի մարգարե կամ ճգնավոր։ Րաֆֆին էլ նրա կշտին։

— Լա՜վ ճգնավոր է. նա չէ՞, որ գողացավ ուրիշի կնոջը։

— Ոչ ոք չի կարող ուրիշի կնոջը գողանալ, եթե մարդը հավատարիմ պահապան է իր կնկա համար։ Էդ ձեր աղվես Պետրոս Սիմոնյանցն է, որ Ներսիսյան դպրոցի գեղեցիկ աշակերտներին... մեղա քեզ աստված..․

— Լռի՛ր, լիրբ, դու պատկառանք չունես։

— Չեմ լռիլ, թեկուզ թոկ գցես վզովս․ ես ճշմարտությունն եմ ասում...

Կռիվը կատաղի էր։ Յուրաքանչյուրն աշխատում էր իր ասածը հաստատել ձեռների ուժգին շարժումներով, դեմքի սոսկալի ծամածռություններով և մանավանդ կոկորդի զորությամբ։ Ուստա Մուխանի ձայնը զիլ էր, ինչպես զուռնա, քահանայի ձայնը բամբ էր, ինչպես թմբուկ, ընդհանուր առմամբ երաժշտությունը շատ էլ ախորժելի չէր։ Թուրք ճամփորդները, ոչինչ չհասկանալով, զվարճանում էին։ Նրանցից մեկն ասաց.

— Քեշիշ ղըզըշըբ[1]։

Ես աշխատում էի մերթ մեկին հանգստացնել, մերթ մյուսին, բայց իզուր։ Մանավանդ գրգռված էր քահանան։ Նրա դեմքը գունատվել էր, աչքերը կայծակներ էին արձակում հակառակորդի վրա։ Նա մերթ ցատկում էր տեղից հանկարձակի խայթվածի պես, մերթ նստում էր ուժգին թափով, և արծաթե խաչը նրա կրծքի վրա թռչկոտում էր այս ու այն կողմ, կարծես, նա էլ էր կատաղել ուստա Մուխանի մոլի կղերատեցության դեմ։

Վերջն ինձ էլ բաժին հասավ պատկառելի հոգևորականի

  1. Քահանան կատաղել էր։