Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ ես դարձյալ հրաժարվեցի սեղանին մասնակցելուց, ուստա Մուխանը դարձավ տեր Ստեփաննոսին.

— Համեցեք, տեր-հայր, անուշ արա, գաղափարը գաղափար, ամմա հացն ամենքի համար է ստեղծված։

Ես համոզված էի, որ տեր-հայրը գոնե առերես կհրաժարվի իր ազատամիտ թշնամու հյուրասիրությունից։ Պատահեց հակառակը։ Առանց սպասելու, որ հրավերը կրկնվի, նա ետ ծալեց ֆարաջայի թևերը և, երեսը խաչակնքելով, ասաց.

— Ճաշակեսցուք խաղաղությամբ։


Ես չդիմեցի ուստա Մուխանի վարպետության օգնությանը։ Ոչ այն պատճառով, որ չէի հավատում ոչխարի դմակի փրկարար զորությանը, այլ որովհետև շուտով ոտս կազդուրվեց այնչափ, որ ձեռնափայտս դեն գցեցի։

Իջևանեցի Ներսես Աբելյանի մոտ։ Նա ապրում էր Վորոնցովի կամուրջի մոտ մի նեղ փողոցում մի պառավ հայ կնոջ բնակարանում։

Աբելյանի առաջին խոսքը եղավ.

— Լավ ես արել, որ եկել ես, Ալեքսան, բայց ինչո՞վ պիտի ապրես։

— Ես գիտեմ հաշվապահություն, կաշխատեմ գտնել թեկուզ շատ փոքրիկ պաշտոն և ազատ ժամերս կնվիրեմ գրականության։

Նա լռեց, որովհետև ինձանից պակաս փիլիսոփա չէր։

Թիֆլիսն ինձ համար մի դրախտ էր, ուր կարելի էր ապրել և անոթի։ Այսպես էր իմ տրամադրությունը։ Երբ գիշերները երազումս տեսնում էի, որ նորեն Բաքվում եմ, սարսափած զարթնում էի և ուրախանում, երբ զգում էի, որ դա երազ էր։ Երջանի՜կ հասակ մարդկային կյանքի։ Այսօր եթե ինձ հարցնեն, թե ինչ է հարստությունը, կասեմ՝ երիտասարդություն, ինչ ասել է բախտ, կասեմ՝ երիտասարդություն: Ամեն ինչ, ամեն ինչ ամփոփված է այդ ադամանդյա բառի մեջ, նույնիսկ տիեզերքի գոյությունը։

Իմ առաջին փափագը եղավ տեսնել երկու մարդու, որոնց