Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անուններն այն ժամանակ ամբողջ հայ երիտասարդության համար նվիրական էին,— Գրիգոր Արծրունուն և Րաֆֆիին։

Այն ժամանակ Արծրունին դեռ չէր զրկվել իր ահագին կալվածքից, որ այսօր էլ Թիֆլիսի խոշորագույն շինությունն է։ Ինքը Արծրունին կենում էր մի անջատ ֆլիգելում, իսկ «Մշակ»-ի խմբագրությունը տեղավորված էր փողոցի կողմում, երրորդ հարկի մեջ:

Բարձրանալով քարե փոքրիկ սանդուղքներով, մտա ոչ այնքան մի ընդարձակ սենյակ՝ շատ ցածր առաստաղով և փոքրիկ լուսամուտներով։ Այնտեղ կային ինչ-որ անծանոթ դեմքեր, որ տաքացած վիճաբանում էին՝ չեմ հիշում՝ ինչի մասին։ Մի առանձին գրասեղանի քով նստած էր ինչ-որ մագաղաթյա երեսով և տափակ մազերով մի օրիորդ թե տիկին — չգիտեմ։

— Ի՞նչ եք կամենում,— հարցրեց այդ կինը, իմ բարևին պատասխանելով գլխի թեթև շարժումով։

— Կկամենայի տեսնել խմբագրին,— պատասխանեցի ես։

Կինը լուռ ցույց տվեց ինձ խորքի դռները։ Ինձ դիմավորեց գունատ դեմքով մի երիտասարդ և առաջնորդեց հաջորդ սենյակը։ Այդ վայրկյանին այնտեղից արագ քայլերով դուրս եկավ մի կարճահասակ ծերունի՝ երկայն մազերով և ճերմակ մորուքով և խիստ բարկացկոտ դեմքով։ Հետո իմացա, որ դա դոկտոր Շիշմանյանն է, «Երկունք իններորդ դարու» և «Թորոս Լևոնի» պատմական վեպերի հեղինակ Ծերենցը։

Սենյակի խորքում մի մեծ գրասեղանի քով նստած էր մեկը, որի միայն գլուխն էր երևում։ Ինքը Արծրունին էր, այն ժամանակվա ազատամիտ կոչված երիտասարդության կուռքը։ Արծրունին փոքրամարմին էր, սապատող, բայց տգեղ չէր նման մարմնավոր թերություն ունեցողների պես։ Նրա երկայն, սաթի պես սև մորուքը, թանձր հոնքերը, արծվային քիթը, պենսնեի տակից նայող խոշոր աչքերը նրա դեմքին տալիս էին մի տեսակ բիբլիական շունչ։ Դա ավելի հրեայի տիպ էր, քան հայի։ Նրա խրոխտ, թանձր բարիտոնային ձայնը, եռանդուն շարժումները, ներվային ձևերն արտահայտում