Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին ֆանատիկոս հավատացյալի ինքնավստահություն:

Զգացվում էր, որ այդ մարդը գիտակցում Էր իր կոչման բարձրությունը և իր կատարած գործի կարևորությունն ու լրջությունը։

Արծրունին ինձ ընդունեց բարեկամաբար։ Կարծես առաջին անգամը չէր, որ հանդիպում էինք իրարու։ Այդ հանգամանքն ինձ գրավեց, բայց և այնպես թույլ չտվեցի ինձ անցնել փոքրավորին վիճակված սահմանը։ Հարգանքի և պատկառանքի զգացումը ես ծծել էի մորս կաթի հետ. դրա համար հարկավոր չէր մեծ կրթություն։

Արծրունին շատ հետաքրքրվեց Բաքվի կյանքով, նավթային արդյունաբերությամբ, հայ-թուրքական հարաբերություններով և առանձնապես բանվոր դասակարգի նյութական և բարոյական վիճակով։ Միևնույն ժամանակ, ուրախանալով, ինձ հայտնեց, որ իմ հոդվածներիցս քաղվածքներ են տպվել տեղական կիսապաշտոնական «Կավկազ» ռուս լրագրում ։

— Դուք պատմելու ձիրք ունեք,— ավելցրեց նա,— ձեր «Հրդեհը նավթագործարանում» պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Գրեցեք մի նոր պատմվածք, միայն ավելի մեծը «Մշակ»-ի այս տարվա վերջին համարների համար։

— Կաշխատեմ,— ասացի ես։

Ես չկամեցա երկար զբաղեցնել ինձնով այդ բազմազբաղ մարդուն, շտապեցի հրաժեշտ տալ։

— Վաղը, եթե ազատ եք, ճաշին եկեք մեզ մոտ, կզրուցենք,— հրավիրեց նա այնպիսի պարզությամբ, որ հրաժարվելը կլիներ անքաղաքավարություն։

Հետևյալ օրը որոշված ժամին գնացի։ Արծրունու միհարկանի տնակը շրջապատված էր շքեղ պարտեզով, որի մի մասը ծաղկանոց էր, մյուսը՝ մրգանոց։ Ծաղկանոցն անխնամ վիճակում էր, իսկ մյուս մասում մրգանոցի հասուն պտուղները, ծառերից պոկվելով, ծածկել էին ծառուղիները։ Երևում էր հոգացող ձեռքի պակասություն։ Բայց այդ անխնամության մեջ կար բացառիկ մի գեղեցկություն։ Ուղիների վրա սփռված դեղնագույն դեղձերն ու ծիրանները, կարմրագույն