Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կխցանեինք այդ անֆարաջա տերտերների կոկորդը։ Այժմ էլ ինչ-որ մի Հայկունի է ասպարեզ եկել և իր կեղտոտ լաթերը լվանում է աղվես Պետրոս Սիմոնյանցի թերթի մեջ։

Ես ակնարկեցի, թե չէի երևակայում, որ նա Արծրունուն խելոք մարդ չի համարում։

— Իհարկե, գավառներում ի՞նչ գիտեն, թե ինչեր են կատարվում այստեղ,— պատասխանեց Րաֆֆին։— Արծրունին հիմար մարդ չէ, բայց թույլ է։ Նա իր խելքը ծախել է Մարոյի սիրուն։ Այդ կինն է, որ թունավորում է նրա ուղեղը։ Հա, տեսե՞լ եք նրան։

Ես պատմեցի Արծրունու մոտ հյուրասիրվելս, բայց ոչինչ չասացի իր վերաբերմամբ եղած խոսակցության մասին։

— Հավանեցի՞ք այդ մումիան։

— Ոչ,— պատասխանեցի ես առանց տատանվելու։

— Այ, տեսնու՞մ եք, դուք մի անգամ եք միայն հանդիպել և արդեն գիտեք ինչ է։ Իսկ ես ամիսներով ու տարիներով դժբախտություն եմ ունեցել տեսնելու նրա քացախած երեսն ու լսելու ագռավի կռկռոցը։

Այս խոսքերի վրա նա հանկարծ կանգ առավ, կարծես զղջալով, որ այդքանն էլ ասաց․․․

Ես ոտքի ելա հրաժեշտ տալու։

— Մի վայրկյան,— ասաց Րաֆֆին,— պահարանից դուրս բերելով «Կայծերի» առաջին հատորից մի օրինակ՝ ընծայագրեց և նվիրեց ինձ։

Առաջին նվերն էր, որ ստանում էի մի հայտնի գրողից։

— Այցելեցեք,— ասաց Րաֆֆին,— ես օրվա այս միջոցներին միշտ ազատ եմ։ Այժմ պետք է ծաղիկներս ջրեմ։ Այ տղա, Ղազար, բեր այստեղ ցնցուղը,— գոչեց ինձ հետ միասին պատշգամբ ելնելով։

Ես արտահայտեցի իմ հիացմունքը նրա ծաղիկներով, որ արդարև, հիանալի էին իրենց բազմատեսակ բուրմունքով։

— Մանկությունից եմ սիրել ծաղիկները,— ասաց նա այնպիսի փափկությամբ, որ կարծես խոսքն իր քնքուշ զավակների մասին էր։— Ահ, եթե գիտենաք, ինչ զմայլելի