Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդեր կան Պարսկաստանում։ Ես գրել եմ, որ նրանց սերմերից ուղարկեն ինձ։

Ես հեռացա խորը տպավորությամբ։

«Գործակատարի հիշատակարանից»–ը գրեցի շատ արագ, կարծեմ մի ամսվա ընթացքում և տարա «Մշակ»–ի խմբագրատուն։ Արծրունին ուրախացավ։ Րաֆֆիի բացակայությամբ լրագրի բանասիրական բաժինը գրեթե ամայացել էր։ Ճշմարիտ է, այնտեղ տպվում էին Հայկակի (Արփիար Արփիարյան) հետաքրքրական թղթակցությունները Կ. Պոլսից, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու բովանդակալի հոդվածները Գերմանիայից և Ասիացու (Գրիգոր Արծրունու) մերթ սրամիտ, մերթ ճապաղ ֆելիետոնները, բայց դրանք չէին կարող փոխարինել «Խենթ»–ը, «Դավիթ Բեկ»–ը, «Խաչագողի հիշատակարանը» և այլն — այն ժամանակ հայ գրականության գլուխ–գործոցները։ Հարկավ, ես այնքան հանդուգն չէի, որ մի վայրկյան անգամ երևակայեի, թե իմ երեխայրիքը կարող է մրցել թեկուզ մի «Ոսկե աքաղաղ»–ի հետ։ Սակայն զգում էի, որ Արծրունու համար իմ համեստ գործը մի թեթև սպառնալիք է Րաֆֆիին։

Արծրունին Րաֆֆիի երկերի տպագրությունը սովորաբար սկսում էր տարվա վերջերին այն հաշվով, որ շարունակությունն անցնի հաջորդ տարվան։ Այդ նա անում էր տնտեսական նպատակով, այն է՝ թե հին բաժանորդներին հարկադրելու, որ նորոգեն իրենց բաժանորդագրությունը և թե նորերին գրավելու համար, որ գնեն նախընթաց տարվա համարները։

«Գործակատարի հիշատակարանից»–ը իմ զուտ գրական թոթովանքն է, եթե հաշվի չառնենք «Հրդեհը նավթագործարանում»–ը։ Իսկ գրել առհասարակ ես սկսել եմ 1880 թվականից։

«Մշակ»–ում տպվելուց հետո պատմվածքս անմիջապես լույս տեսավ առանձին գրքույկով Աբել Ապրեսյանի հրատարակությամբ։ «Մեղու Հայաստանի» լրագիրը գովեց նրան ոչ այնքան անկեղծորեն, որքան Րաֆֆիին խայթելու համար։