Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշակերտ Խաչատուր Մալումյանը։ Այդ տղան, որ շուտով դարձավ Արծրունու աջ թևը, բավական շնորհալի գրիչ ուներ, թեև սեմինարիստի մտայնությամբ։ Նա կարող էր լինել բավական լավ հրապարակախոս, եթե ունենար բավականաչափ զարգացում և զերծ լիներ նախանձի մաղձից ու մանավանդ ծայրահեղ մեծամտությունից։ Տեղն է ասել, ապագայում նա դարձավ դաշնակցության առաջնորդներից մեկը և դժբախտաբար կործանվեց, որպես զոհ իր մոլորության։ Այսօր նրա լուսանկարը Ակնունի կեղծ անվան տակ Քրիստափոր Միքայելյանի և Սիմեոն Զավարյանի հետ զարդարում է դաշնակցության բյուրոներն ու խմբագրատներն ամենուրեք։ Ճակատագրի կծու հեգնանք. մարդը ծնված էր շատ-շատ մի դպրոցի վարիչ կամ լրագրի շնորհալի աշխատակից լինելու, և հանկարծ կամեցավ մի ամբողջ ժողովրդի քաղաքական ղեկավարը լինել…

Մի անգամ ես գրեցի երեք հոդված «Հայ ազգի կատաղի թշնամին» վերնագրով։ Որովհետև հոդվածները որպես խմբագրական, ըստ սովորության, չպիտի ստորագրվեին, նախքան տպարանին հանձնելը կարդացի Աբգար Հովհաննիսյանին։ Բանն այն է, որ նորեն բորբոքվել էր իմ բնածին ատելությունը դեպի բուրժուազիան։ Հայ ազգի կատաղի թշնամի ես համարում էի վաճառականությունը։ Ես իմ հոդվածների մեջ ասում էի, թե օտարների մեր մասին կազմած նվաստացուցիչ և վիրավորական կարծիքը մեր վաճառականության ստոր վարք ու բարքերի հետևանքն է։ Ես ասում էի, թե այդ ապականված տարրն է, որ գլխավորապես շփվում է օտարների հետ և նա է, որ ստում է, խաբում, կեղեքում։ Մեկն էլ իմ բերած փաստերից այն էր, որ մեր վաճառականները, մի քանի տարի շիտակություն կեղծելով, վարկ են վաստակում Մոսկվայի և Լոձի ֆաբրիկանտների մոտ, ապա մի օր մեծ քանակով ապառիկ ապրանք են վերցնում, բերում են և շուտով իրանց սնանկ են հայտարարում ու պարտատերերին տալիս իրանց պարտքերի 10 կամ 20 տոկոսը, մնացյալը կլանելով։ Ես ասում էի, թե օտարները չեն ճանաչում ոչ հայ գյուղացուն, ոչ հայ բանվորին, ոչ հայ արհեստավորին, ոչ հայ մտավորականին, և ամբողջ հայ ազգը համարում են կեղծավորների, վաշխառուների և գողերի մի հավաքածու։