Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբգար Հովհաննիսյանը լսեց իմ հոդվածները և շփոթվեց։

— Չեմ կարող թույլ տալ այդ հոդվածները,— ասաց նա։

— Ինչու՞։

— Ահագին սկանդալ կառաջանա։

— Թող առաջանա, ի՞նչ կա։

— Իսկ հետևանքը գիտե՞ք…

— Գիտեմ… գրեք հոդվածների տակ իմ անունը։

— Այդ ինձ չի կարող ապահովել, պատասխանատվությունն ինձ վրա է։

— Ուրեմն վախենու՞մ եք։

— Ո՛չ,— արտասանեց Հովհաննիսյանը տատամսելով,— ձեր ոճը չափազանց հարձակողական է, փոփոխեցեք, մեղմացրեք, գուցե հնարավոր լինի տպել։

— Չեմ կարող ոչ փոփոխել, ոչ էլ մեղմացնել։

— Այն ժամանակ ես էլ չեմ կարող թույլ տալ տպելու։

Ինձ համար պարզ էր, որ մարդը վախենում էր։ Եվ ուներ իրավունք։ Չէ՞ որ հենց վաճառականությունն էր նրան նստեցրել բանկի դիրեկտորի պաշտոնի վրա և կարող էր նրա տակից քաշել թիկնաթոռը։

— Շատ բարի,— ասացի ես և կամեցա հոդվածները պատռել ու դեն գցել։

— Ո՛չ, մի պատռեք, տվե՛ք ինձ։

Ես հոդվածներս տվեցի նրան։

Անցան մի քանի ամիսներ։ Մի օր Հովհաննիսյանն ասաց.

— Այժմ կարող եմ թույլ տալ ձեզ «Հայ ազգի կատաղի թշնամին» հոդվածները։

Թե ի՞նչ էր պատահել, չասաց։

Հոդվածները տպվեցին «Արձագանք»-ի երեք համարներում անստորագիր։

Երբեք մի լրագրական դրվածք հայերի մեջ չէր բարձրացրել նման փոթորիկ։ Կատաղեց ամբողջ հայ վաճառականությունը ոչ միայն Թիֆլիսում, այլև ամենուրեք։ Բաքվից, Նոր-Նախիջևանից, Պետերբուրգից, Մոսկվայից սկսեցին տեղալ