հերքումներ, հայհոյանքներ, սպառնալիքներ։ Կլուբներում ու բանկերում վաշխառուները, բանկիրները, գործարանատերերը, խանութպանները, նույնիսկ մի խումբ բժիշկներ, իրավաբաններ, չինովնիկներ իրանց կոկորդը պատռելով պնդում էին, թե դա մի չտեսնված ամբաստանություն է, մի անասելի զրպարտություն։ Իսկ հայ վեղարավորներն ու տերտերները եկեղեցիներում, փողոցներում երդվում էին քրիստոսի խաչելությամբ, թե հայ ժողովրդի միակ պահապանը, իհարկե, հոգևորականությունից հետո, վաճառականությունն է։
Թիֆլիսում ճահճի փոթորիկն առանձնապես զորեղ էր Դվորցովայա (այժմ Կոմունալնայա) փողոցի վրա։ Այստեղով անցնելն արդեն վտանգավոր էր «Արձագանք»-ի աշխատակիցների համար։ Մի խանութպան հարձակվեց ծերունի պատմագետ Ալեքսանդր Երիցյանի վրա և փայտով զարկեց գլխին, մի ուրիշը Կարապետ Յաղուբյանի վրա։ Ես հարձակման չենթարկվեցի, բայց բավականին հայհոյանքներ կերա։
Արծրունին շփոթված էր, չգիտեր ինչպես վերաբերվել։ Պաշտպանել վաճառականությանը չէր կարող, տրադիցիա ուներ, և հետո չէ՞ որ բուրժուազիան անպաշտպան թողեց նրան և զրկեց ահագին կալվածքից։ Իսկ ձայնակցել «Արձագանք»-ին, կնշանակեր դավաճանել փոխատելության, մրցման և նախանձի զգացմանը։
Պաշտպանությունը վերցրեց իր վրա ինքը բուրժուազիան։ Դվորցովայա փողոցի վաճառականները հրատարակեցին մի գրքույկ՝ լի հայհոյանքներով ու զրպարտություններով։ Արդար Հովհաննիսյանը, տեսնելով իմ հոդվածների հարուցած փոթորիկը, որ սպասածից շատ ավելի զորեղ էր, որոշեց ալեկոծված ճահճի վրա յուղ թափել։ Իր լիուլի ստորագրությամբ գրեց երկու թե երեք հոդված, ուր անպայմանը պայմանավորվեց։ Մինչդեռ ես ամբողջությունն էի քարկոծել, նա ասաց, թե, այնուամենայնիվ, հայ բուրժուազիայի «հինգ տոկոսն ազնիվ է»։ Դա մի դիպլոմատիկական ելույթ էր․ թող յուրաքանչյուրը կարծի, որ ինքն էլ այդ հինգ տոկոսի մեջ է, և հանգստանա։ Սակայն այդ խորամանկությունը